Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Ազատ դեմոկրատների» ցուցակով: Հայ ազգային կոնգրես դաշինքով պատգամավոր ընտրված Բագրատյանը բանակցել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց սկզբունքային տարաձայնությունները եղել են անհաղթահարելի:

«Դիմել եմ և հանդիպում եմ ունեցել նախագահի հետ: Նրանք ասել են, որ մենք փոքր ենք՝ մեկ պրոբլեմ: Երկրորդ պրոբլեմ, որ Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ պետք է փուլ առ փուլ լինի Ղարաբաղի հարցում և սկզբից մենք կարող ենք տարածքներ տալ, որին ես դեմ եմ, այդպիսի լուծում այնտեղ լինել չի կարող», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Բագրատյանը:

Փոխարենը Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ի հետ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը գաղափարական, արժեքային նույն դաշտում է:

«Ուրիշ ձևաչափ չկար պարզապես․ լիբերալ արժեքները դավանող այլ ուժ չկար բացի մեր ուժից և այս ուժից», - մեկնաբանեց նա, - «Արժեքների հիմքում դրվում է ոչ թե ինչ-որ վերացական արժեքներ, այլ մարդու շահերը: Չի կարելի գոռալ, ասենք, ազգային ավանդույթներով հպարտանալով ասել՝ ես լիբերալ եմ»:

Թեև Բագրատյանը նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում է՝ հաջորդելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին, այդուհանդերձ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Բագրատյանը կլինի վարչապետի թեկնածուն, խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

«Որովհետև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դրած ռեսուրսները շատ ավելի շատ են, քան թե մերը», - մանրամասնեց նա:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են կուսակցական ցուցակ, նշանակում է, որ ի սկզբանե մտավախություն են ունեցել, որ 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի և 5 տոկոսի ճանապարհով են գնացել, Հրանտ Բագրատյանը պատասխանեց․ - «Մենք գնացել ենք ռացիոնալ ճանապարհով՝ շատ վատ Սահմանադրության և շատ վատ օրենսգրքի պայմաններում ենք գնում ընտրության: Հիմա արդյունավետությունը կապ չունի: Պետք է ձևաչափ ստեղծել, մասնակցել, որպեսզի գոնե մեկ մաքուր ազատական թև լինի»:

Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրելու է նաև տարածքային՝ ռեյտինգային ընտրակարգով: «Ազատ դեմոկրատների» ցուցակում կլինեն «Ժառանգությունից» հեռացած Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը, «Էլեկտրիկ Երևան» շարժման երիտասարդ ակտիվիստներ:

Կհամաձայնեն արդյոք կոալիցիա կազմել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կամ Սեյրան Օհանյանի դաշինքների հետ՝ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելով: Բագրատյանի խոսքով՝ էական հակասությունները հարթվելու դեպքում միայն․ - «Մենք խնդիրներ ունենք ԵՏՄ-ի հետ․ ընդունո՞ւմ է մարդը ԵՏՄ-ի անարդյունավետությունը, և եթե անարդյունավետ է՝ ի՞նչ լուծում եք տալիս երկրի համար»:

Նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչը հեղինակել է Հրանտ Բագրատյանը: - «Վերջին հաշվով՝ իմ վարչապետությունից անցել է 21 տարի: Ես ավելի արդյունավետ կառավարություն չտեսա: Այս երկիրը 94 թվականին ունեցել է տնտեսական աճ՝ առաջինը ամբողջ ԱՊՀ-ում: Վրաստանի վրա մենք 96 թվին ծիծաղում էինք: Եվ տարօրինակն այն է, որ բոլորը խոսում են ինչ-որ մեծ-մեծ ազգային արժեքներից, ազգային հպարտությունից, ավանդույթներից, և ավելի թաղվում ենք կոռուպցիայի, անհասկանալի տնտեսական իրականության մեջ, անհասկանալի ռեսուրսների բաշխման մեջ: Ամբողջ երկրով նստած մտածում ենք՝ մի հատ շախմատիստ ունենք՝ հաղթեց, թե՞ չհաղթեց, ֆուտբոլիստը խաղաց, թե չխաղաց: Սա է մեր ազգի մտածմունքը: Այդպես չի լինում։ Պետք է զբաղվել, այս երկիրը կառուցել», - նշեց նախկին վարչապետը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ցուցակը վերջին օրը՝ վաղը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

XS
SM
MD
LG