Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները մտադիր են հետաքննել Թրամփի օգնականների և ռուսների միջև շփումների մասին տեղեկությունները


Վաշինգտոն, Սպիտակ տուն, արխիվ
Վաշինգտոն, Սպիտակ տուն, արխիվ

Կոնգրեսում նման կոչեր սկսեցին հնչել, երբ ԶլՄ-ները հաղորդեցին, որ նորընտիր նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրություններից մեկ տարի առաջ շփումներ են ունեցել ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի առաջնորդները հայտարարում են, թե հետաքննելու են նախագահ Թրամփի պաշտոնամուտից առաջ նրա օգնականների և ռուսաստանցի պաշտոնյաների միջև հաստատված կապերի մասին տվյալները:

Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը երեկ հայտարարել է, թե Սենատի Հետախուզության հարցերով կոմիտեն հարցեր կուղղի Մայքլ Ֆլինին՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդականին: Վերջինս նախօրեին հրաժարական տվեց՝ Ռուսաստանի դեսպանի հետ ունեցած մի զրույցի պատճառով, որի մասին մինչ այդ ողջ ճշմարտությունը չէր հաղորդել նախագահական վարչակազմին:

«Կարծում եմ՝ մենք շատ շուտով պետք է խոսենք գեներալ Ֆլինի հետ, պարզելու, թե ի՞նչ գիտի նա: Արդյո՞ք այդ մասին ինչ-որ մեկն էլ է իմացել և չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,- ասել է Հետախուզության հարցերով կոմիտեի անդամ, հանրապետական սենատոր Ռոյ Բլանթը:

«Սենատի մեծամասնության առաջնորդ ՄըքՔոնելը խնդրել է մեր հանձնաժողովին՝ քննության առնել այս հարցը, հանձնաժողովի փոխնախագահ, դեմոկրատ Մարկ Վորներն ասում է՝ սա ամենակարևոր բանն է, որ իրեն խնդրել են անել իր ծառայության ընթացքում: Եվ ես կարծում եմ, որ բոլորիս համար է կարևոր պարզել՝ կա՞ այստեղ խնդիր, թե ոչ: Եվ որքան շուտ դա անենք, այնքան՝լավ»,- հավելել է հանրապետական սենատորը:

Այս հարցը Կոնգրեսում հետաքննելու կոչեր հնչեցին, երբ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչները նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ շփումներ են ունեցել Ռուսաստանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, միաժամանակ, չներկայացնելով կողմերի միջև գաղտնի համագործակցության որևէ փաստ: Սպիտակ տան խոսնակն, իր հերթին, երեկ հաստատեց՝ նախագահ Թրամփը շաբաթներ առաջ է իմացել, որ իր արդեն նախկին խորհրդականը մոլորեցրել է վարչակազմին:

«Մենք մի քանի շաբաթ ամեն օր ուսումնասիրում ու գնահատում էինք այս հարցը՝ փորձելով պարզել ճշմարտութունը: Եվ հանգեցինք հրաժարականին ոչ թե այն պատճառով, որ իրավական խնդրներ կային, այլ՝ որովհետև վստահության հարց կար, նախագահ Թրամփի և գեներալ Ֆլինի միջև վստահության մակարդակն այնքան էր իջել, որ նախագահը որոշեց փոխել վիճակը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ինքը՝ գեներալ Ֆլինը երեկ լրատվական կայքերից մեկին ասել է, թե որևէ անթույլատրելի սահման չի անցել ռուս դեսպանի հետ ունեցած զրույցում և խոսել է միայն Օբամայի վարչակազմի կողմից Կրեմլի դեմ սահմանված վերջին պատժամիջոցի՝ ԱՄՆ-ից 35 ռուս դիվանագետների վտարման մասին: Սպիտակ տունը ևս պնդում է՝ իրավաբանները քննել են հարցը և հանգել եզրակացության, որ այստեղ իրավական որևէ խնդիր չկա: Նախագահ Թրամփն էլ իր խորհրդականի հրաժականը պահանջել է վերջինիս ստեղծած խառնաշփոթի ու նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով:

«Այս ողջ իրավիճակի հեգնանքն այն է, որ նախագահ Թրամփն աներևակայելի խիստ է եղել Ռուսաստանի հարցում: Նա շարունակում է բարձրացնել Ղրիմի հարցը, որը նախորդ վարչակազմը թույլ տվեց, որ Ռուսաստանը բռնակցի: Նախագահ Թրամփը շատ հստակ ընդգծել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանի կառավարությունը կլիցքաթափի լարվածությունը Ուկրաինայում և կվերադարձնի Ղրիմը»,- նաև հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Վարչակազմի այս հայտարարությունները, սակայն, ոչ բոլոր մտահոգություններն են փարատում: ԱՄՆ-ի մի շարք ազդեցիկ օրենսդիրներ, այդ թվում՝ հանրապետական ճամբարից, հորդորում են ընդարձակել հետաքննությունն ու խոշորացույցի տակ առնել նաև Սպիտակ տան մյուս բարձաստիճան պաշտոնայաների կապերը Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG