Մատչելիության հղումներ

Մարկեդոնով․ «Ապրիլյան իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է»


Սերգեյ Մարկեդոնով, արխիվ

Ռուս քաղաքագետի կարծիքով, առաջիկայում ղարաբաղյան խնդրի կարգավորում հնարավոր չէ ակնկալել, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են:

Ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածությունն առաջիկայում կպահպանվի, սակայն, ապրիլյան իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է:

«Նոր սրացումներ կլինեն, ամենահավանական սցենարը դիվերսիոն գործողությունների շարունակությունն է, որոնց զուգահեռ հնարավոր է նաև բանակցությունների շարունակություն: Օրինակ, հնարավոր է, որ հանդիպեն երկու կողմերի արտգործնախարարները»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մարկեդոնովը:

Փորձագետը նկատում է՝ ղարաբաղյան խնդիրը հետխորհրդային տարածքի ամենաբարդ հակամարտություններից է, որի կարգավորումն այսօր խիստ դժվար է պատկերացնել: Նրա խոսքով, 25 տարիների ընթացքում Ղարաբաղում արդեն մեծացել է երկու սերունդ, որոնք չգիտեն, թե ինչ ասել է՝ ապրել Ադրբեջանի տարածքում: «Մյուս կողմից՝ աշխարհում կան հակամարտություններ, որոնք ավելի երկար պատմություն ունեն»,- հավելում է ռուս քաղաքագետը:

Նրա կարծիքով, պետք չէ ակնկալել, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում կարող է կարգավորվել, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են: «Հնարավոր բոլոր լուծումներն արդեն առաջարկվել են 1994-ից սկսած․ և՛ փաթեթային տարբերակը, որը ենթադրում էր բոլոր հարցերի լուծում մեկ փաթեթում, սակայն, հետագայում պարզվեց, որ դա հնարավոր չէ: Փուլային կարգավորման իրագործումը նույնպես բարդ է, քանի որ հարց է ծագում՝ իսկ ո՞վ է առաջինը սկսելու»,- շարունակեց Մարկեդոնովը:

Այսօր, երբ ԱՄՆ-ն զբաղված է առավելապես ներքին խնդիրներով, Ֆրանսիայում էլ սպասվում են նախագահական ընտրություններ, մի շարք փորձագետներ կարծում են, որ առաջիկա ամիսներին ԼՂ խնդրով ակտիվորեն կարող է զբաղվել Մինսկի խմբի միայն մեկ համանախագահ երկիր՝ Ռուսաստանը։

Ըստ Սերգեյ Մարկեդոնովի, այս հակամարտության պատմության ընթացքում Մոսկվան առնվազն երկու անգամ արդեն խաղացել է «առաջին ջութակի» դերը։ 1994-ին, երբ ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը և 2008-2011 թվականներին, երբ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կազմակերպվում էին եռակողմ բարձր մակարադակի հանդիպումներ: Դրանք, սակայն, տապալվեցին 2011 թվականին Կազանում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել ավելի վաղ համաձայնեցված փաստաթուղթը։

Այս համատեքստում ռուս փորձագետը նկատեց՝ «Ապրիլյան պատերազմից հետո խաղաղապահի դերը ստանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ նա այն մարդը չէ, որ հենց այնպես խոսում է։ Մյուս կողմից, ոչ Մեդվեդևը, ոչ էլ Պուտինը չեն կարող որոշումներ կայացնել հայերի և արդեբջանցիների փոխարեն»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Արդբեջանին զենք վաճառելուն, ապա, Մարդկեդոնովի կարծիքով, դա երկրորդական հարց է: «Առաջնայինն այստեղ պատերազմելու ցանկությունն է։ Իսկ զենք Ադրբեջանը կարող է գնել նաև, օրինակ, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից»,- ասաց քաղաքագետը, հավելելով, որ Ռուսաստանը փորձում է «հավասարակշռված քաղաքականություն» վարել Հարավային Կովկասում: «Մոսկվան արդեն կորցրել է իր ազդեցությունը Վրաստանում և չի կարող իրեն թույլ տալ՝ կորցնել նաև Ադրբեջանը»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG