Մատչելիության հղումներ

Մնջախաղի թատրոնը շուտով կունենա սեփական բեմը


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին հանձնեց թատրոնի սեփական տարածքի խորհրդանշական ոսկեգույն, կարմիր ժապավենով ամրակայված բանալին:

Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հիմնադրվել է 1974 թվականին, պետական կարգավիճակ ստացել է 1983 թվականից, բայց մինչև այսօր թատրոնը սեփական տարածք չուներ: Նախ գործել է Արվեստի աշխատողների տանը, հետո ներկայիս Գեղարվեստի ակադեմիայի տարածքում, վերջին տարիներին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Վերջապես թատրոնը սեփական տարածք ունի, ճիշտ է, այն չափազանց անմխիթար վիճակում է գտնվում, բայց Մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ արդեն այս տարի կսկսվեն տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Մինչև վերջերս այդ տարածքում՝ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ, գործում էր Հայաստանի ազգային գրապալատը, որը նախարարի որոշմամբ միավորվել է Հայաստանի ազգային գրադարանին, և այսպիսով հնարավորություն է ստեղծվել ազատված տարածքը տրամադրել Մնջախաղի պետական թատրոնին:

«Սա երկար սպասված այն օրն է, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով այս տարածքը այսուհետև տրամադրվում է Երևանի մնջախաղի թատրոնին», - այսօր հրավիրված ասուլիսում նշեց Մշակույթի նախարարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում իսկապես կարելի էր այս հարցը ավելի վաղ կարգավորել․ - «Ես ուղղակի ցնցված եմ այս ամեն ինչից: Շուրջ քսան տարի միայն ես եմ ղեկավարում թատրոնը և ամեն օր խոսում եմ այս մասին: Ես ուղղակի չէի կարող ենթադրել, որ ընդամենը երկու ամսում հնարավոր է լուծել այս բարդ խնդիրը»:

Ինչ վերաբերում է Ազգային գրապալատի աշխատակիցներին, ապա նրանք բոլորն էլ աշխատելու են այսուհետ Ազգային գրադարանում: Աշխատանքի հետ կապված նրանց ներքին տարակուսանքն ու դժգոհությունը փարատելու համար նախարարն այսօր հավաստիացրեց․ - «Գրապալատը միավորվում է Ազգային գրադարանին: Գրապալատի բոլոր գործառույթները պահպանվում ենք: Բոլոր աշխատակիցները շարունակելու զբաղվել իրենց աշխատանքով: Հավելյալ մենք դրել ենք պարտավորություն, որ նյութերը պետք է անպայման թվայնացվեն, և թվայնացվեն այն համակարգերով, որոնք այսօր աշխատում են համացանցային տարբեր գործիքների միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG