Մատչելիության հղումներ

Քիչ առաջ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրապարակեց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում տեղ գտած անունները:

Առաջին տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հինգերորդ հորիզոնականում էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:

ՀՀԿ խոսնակը հրապարակեց նաև հաջորդ 5 թեկնածուների անունները՝ նշելով, սակայն, որ հերթականությունը ենթակա է փոփոխման: Ըստ Շարմազանովի, ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ տեղում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նրան հաջորդում են ինքը՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:

Ցուցակը չեն գլխավորում ո'չ նախագահ Սերժ Սարգսյանը, ո'չ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կուսակցության խոսնակն այսպես մեկնաբանեց այդ հարցը․ - «Վարկանիշի խնդիր չկա, կուսակցության նախագահն այդպես է որոշել: Մենք քննարկել ենք այդ հարցը Գործադիր մարմնում, և այդպես ենք նպատակահարմար գտել, նախագահի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է վարչապետ Կարապետյանին, պատճառը ինձնից լավ գիտեք, Կարապետյանը դրա մասին խոսել է»:

Ճշտող հարցին` արդյոք Կարապետյանի՝ ցուցակում չլինելու պատճառն այն է, որ վերջին 4 տարիներին նա մշտապես չի բնակվել Հայաստանում, Շարմազանովը դրական պատասխանեց:

«Ցուցակը բավականին մրցունակ է բաղկացած է 64 հոգուց: Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ հնարավորության ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություններ», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG