Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը դեմ է միգրացիոն քաղաքականության դյուրացմանը


Ռուսաստան - Ձմեռային Մոսկվայի փողոցներից մեկում, արխիվ

Ռուսաստան - Ձմեռային Մոսկվայի փողոցներից մեկում, արխիվ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ երկրում կիրառվող միգրացիոն քաղաքականությունը չպետք է դյուրացվի: Խոսքը նախևառաջ ԱՊՀ անդամ հանդիսացող պետությունների քաղաքացիներին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիության տրամադրման հեռանկարին է վերաբերում: Սա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի՝ ВЦИОМ-ի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Անցած շաբաթավերջին հրապարակված այս հետազոտության համաձայն, ռուսաստանցիների 71 տոկոսը դեմ է ԱՊՀ քաղաքացիներին դյուրացված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ էլ կեցության իրավունք տրամադրելու գաղափարին:

Ուշագրավ է, ի դեպ, որ հարցվածների այս խմբի ուղիղ կեսը ոչ միայն դեմ է քաղաքացիության կամ կեցության իրավունքի տրամադրմանն ուղեկցող բյուրոկրատական ընթացակարգերի դյուրացմանը, այլև պնդում է, որ դրանք պետք է է՛լ ավելի խստացվեն: Այս առումով հատկապես կոշտ են տրամադրված երիտասարդ և միջին տարիքի ռուսաստանցիները: 18-ից 34 տարեկան հարցվածների մոտ 80 տոկոսը պնդում է, որ միգրացիոն քաղաքականությունը Ռուսաստանում կամ պետք է մնա առանց փոփոխությունների, կամ էլ՝ խստացվի:

Տարեց ռուսաստանցիների շրջանում նման տրամադրությունները ևս գերակշռող են: Տարիքային այս խմբում, սակայն, մեծ է նաև այն մարդկանց քանակը, ովքեր համոզված են` ԱՊՀ քաղաքացիներին հարկավոր է արտոնյալ պայմաններ ապահովել քաղաքացիություն կամ կեցության իրավունք տրամադրելու ընթացքում:

«Տարիքային այս խմբի ներկայացուցիչները խորհրդային պետության շրջանակներում այլ հանրապետությունների ներկայացուցիչների հետ համատեղ երկարատև կյանքի փորձ ունեն», - հարցվածների այս խմբում առավել մեղմ մոտեցումների կողմնակիցների առատությունն այսպես են բացատրում հետազոտության հեղինակները:

ВЦИОМ-ի մասնագետները նաև փորձել են պարզել, թե ինչպես կարձագանքեն շարքային ռուսաստանցիները, եթե երկրի իշխանությունները մի օր որոշեն, այսպես կոչված, միգրացիոն համաներում հայտարարել` օրինականացնելով առանց պատշաճ հիմքերի Ռուսաստանի տարածքում գտնվող ԱՊՀ պետությունների քաղաքացիների կարգավիճակը: Այս գաղափարին կողմ է արտահայտվում հարցված ռուսաստանցիների 36, իսկ դեմ` 58 տոկոսը:

Այս մոտեցմանը կտրականապես դեմ են հատկապես Ռուսաստանի խոշորագույն քաղաքների բնակիչները: Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների միայն 28 տոկոսն է կողմ արտահայտվել միգրացիոն համաներման գաղափարին: Փոխարենը՝ ԱՊՀ քաղաքացիների հանդեպ անհամեմատ ավելի դրական են տրամադրված Ռուսաստանի փոքր քաղաքներում և գյուղական շրջաններում: Այստեղ հարցվածների շուրջ 40 տոկոսը միանշանակորեն կողմ է արտահայտվել միգրացիոն համաներմանը:

XS
SM
MD
LG