Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպան․ ԵՄ-ն Հայաստանում լավագույն ընտրություններ է ակնկալում


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, Երևան, 14-ը փետրվարի, 2017 թ․
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, Երևան, 14-ը փետրվարի, 2017 թ․

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղյակ չէ՝ արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի քաղաքացիների համար ևս ԵՄ երկրներ մուտքի վիզայի անհրաժեշտության չեղարկում, ինչպես եղավ Վրաստանի պարագայում: «Ամեն ինչ բանակցություններից է կախված»,- այսօր լրագրողներին ասել է դիվանագետը:

Եվրամիությունը ցանկանում և ակնկալում է, որ ապրիլի 2-ի ընտրությունները Հայաստանում անցկացվեն լավագույն մակարդակով, ինչի համար ընտրությունների գործընթացում կատարվել է 7 միլիոն եվրոյի ներդրում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

«Տեխնիկական միջոցների ներդրման, այդ թվում՝ տեսախցիկների մասին պետք է ասեմ, որ, ըստ իս, այդ ամենի նպատակը ոչ միայն տեխնիկապես գործընթացը բարելավելն է, այլև, առաջին հերթին, վստահության մթնոլորտի ամրապնդումը։ Նպատակն այն է, որ ընտրողը հավատ տածի գործընթացի հանդեպ՝ իմանալով, որ բոլոր միջոցները կիրառվել են, որպեսզի ինքը կարողանա ազատ արտահայտել իր կամքը։ Եվ հենց սա է պատճառը, որ որոշակի վարանումից հետո, այնուամենայնիվ, Եվրամիությունը որոշեց ֆինանսապես աջակցել այս գործընթացին»,- ասաց դեսպանը։

Ըստ նրա, ընտրության հանդեպ վստահության մթնոլորտը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է։ Թեև Ֆրանսիայի կառավարությունն առանձնաբար ներդրում չի արել, սակայն, դեսպանը հիշեցնում է, որ Եվրամության ընդհանուր բյուջեի 18 տոկոսը հենց ֆրանսիացի հարկատուների գրպանից է ձևավորվում։

Բացի այդ, Ֆրանսիան մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային վարկ է տրամադրել Հայաստանին, Զարգացման ֆրանսիական գործակալությունն իր հերթին՝ 75 միլիոն եվրոյի վարկ՝ ջրամբարի կառուցման համար: Այս ամենից զատ, Ֆրանսիան 20 միլիոն դոլարի օժանդակություն է տրամադրել Հայաստանի զարգացման ծրագրերին։

«Դա ապացուցում է, որ Հայաստանին ուղղվող օժանդակությունն աճել է 5 անգամ, և այս առումով՝ Ֆրանսիան Հայաստանին աջակցող 3-րդ երկիրն է, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, հավելելով՝ Ֆրանսիան գոհ է, որ Հայաստան -Եվամիություն նոր համաձայնագրի բանակցություններից, որոնք «հաջողությամբ են ընթանում և շուտով կավարտվեն»։

«Դեռևս մի քանի կետեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Եվրամիությունը պիտի համաձայնության գան, բայց, ընդհանուր առմամբ, բանակցությունները բարենպաստ պայմաններում են ընթանում։ Իմ կարծիքով, շուտով արդեն կստորագրենք երկու կողմերին բավարարող համաձայնագիր»,- հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը։

Նրա խոսքով, թեև ակնկալվող նոր համաձայնագիրն էականորեն կտարբերվի 2013-ին տապալված ասոցացման պայմանագրի նախագծից, այնուամենայնիվ, նորը ևս կլինի հավակնոտ ու ապագային միտված՝ «կարևոր թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության տեսանկյունից»։ Ֆրանսիայի դեսպանը տեղյակ չէ՝ արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզայի անհրաժեշտության չեղարկում, ինչպես եղավ Վրաստանի պարագայում: «Ամեն ինչ բանակցություններից է կախված»,- ասաց նա:

Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դեսպանը չշրջանցեց նաև Ղարաբաղի թեման, նշելով, որ ներկա իրավիճակը, երբ շփման գծում շարունակ զոհեր են լինում, չի կարող ընդունելի լինել հակամարտող կողմերից որևէ մեկի համար։ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ Մինսկի խումբը ջանքեր չի խնայում կողմերին կրկին բանակցային սեղան վերադարձնելու համար: Ֆրանսիայի նախագահ Օլանդն էլ, իր հերթին, փետրվարի 8-ին հայտարարել է, որ պատրաստ են իրենց երկրում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կամ արտգործնախարարներին, երբ քննարկելու համար կուտակված շոշափելի նյութ կլինի:

Այնուամենայնիվ, ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ նախապայմանը կողմերի քաղաքական կամքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG