Մատչելիության հղումներ

Ախուրիկում պարտված հանրապետականը ընտրակեղծիքների մեջ է մեղադրում ընդդիմադիր ՀԱԿ-ին


Այսօր կատարված վերահաշվարկի արդյունքում հաղթած թեկնածուի՝ անկուսակցական Հովհաննես Պողոսյանի օգտին տրված քվեների թիվը մեկով աճել է:

Ախուրիկում անցած կիրակի կայացած համայնքապետի ընտրություններում պարտություն կրած հանրապետական թեկնածուն պնդում է, թե իր պարտության պատճառն, այսպես կոչված` կարուսելն է եղել: Վարդիթեր Գասպարյանը, որն ընդգրկված է իշխող կուսակցության տարածքային ցուցակում և Ախուրիկի գործող գյուղապետն է, ընտրակեղծարարության մեջ մեղադրում է «Հայ ազգային կոնգրես»-ին, մասնավորապես, Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին:

«90-ականների մեխանիզմն է օգտագործվում ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք անընդհատ դեմոկրատիա են թմբկահարում: Պետք է ասեմ, որ էսօր գործող իշխանությունները, նաև իշխանամետ մարդիկ, որոնց շարքին ես եմ պատկանում, ոնց որ թե էնքան դեմոկրատ են դարձել այլևս, որ նույնիսկ խախտումների պարագայում մի քիչ փորձում են իներտ մնալ: Ես չեմ կարծում, որ դա է ճիշտը, երբ գիտես, որ ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը էսօր, փաստորեն, հեղափոխության միջոցով վերցնում է մի համայնք, բայց ոչ մաքուր ընտրության միջոցով ․․․ էսօր իշխանությունները պետք է տեսնեն դա»,- ասում է պարտություն կրած Գասպարյանը:

Մուրադ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել Վարդիթեր Գասպարյանի հնչեցրած մեղադարանքները, պարզապես նշեց՝ «Եթե ընտրության արդյունքները որակավորել են որպես հեղափոխություն, համաձայն եմ դրա հետ և ողջունում եմ դա, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը պարտվել է: Իմ քաղաքական տեսակետներին համահունչ արդյունք է արձանագրվել»:

Վարդիթեր Գասպարյանը 15 քվեի տարբերությամբ պարտվել էր անկուսակցական Հովհաննես Պողոսյանին: Հանրապետական գյուղապետի վստահված անձը բողոք էր ներկայացրել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողով: Այսօր այնտեղ վերահաշվարկ կատարվեց: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանն ամփոփեց վերահաշվարկի արդյունքում արձանագրված փոփոխությունները:

«Անվավեր ճանաչված քվեաթերթիկներից 5-ը ճանաչվեց վավեր: Դրանցից 2 քվեաթերթիկ ավելացվեց Վարդիթեր Գասպարյանին և նրան կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը դարձավ 206: Մյուս երեք վավեր ճանաչված քվեաթերթիկները, որպես կողմ ձայներ, ավելացվեցին Հովհաններ Պողոսյանին, և նրան կողմ քվեարկած ձայների թիվը դարձավ 280: Նախկինում տարբերությունը 15 ձայն էր, այսօրվա վերահաշվարկից հետո դարձավ 16»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը:

Սա թերևս առաջին անգամն է, որ հանրապետական գյուղապետը պարտության մեղքը բարդում է ընդդիմության վրա: Գասպարյանին հարց ուղեցինք՝ համապետական ընտրությունների նախաշեմին կուսակցության տարածքային ցուցակում ներգրավված Վարդիթեր Գրիգորյանի պարտությանն ինչպե՞ս են վերաբերվում Հանրապետականում:

«Բոլոր այն մարդկանց, որոնք շարունակ բանսարկում են հանրապետականների շուրջ, Հանրապետականը կասի՝ ես այլևս ժողովրդավար եմ և ընտրություններ կարող եմ կազմակերպել ամենաբարձր՝ Եվրամիության և Եվրախորհրդի տառ ու բանի չափորոշիչներով, և փառք ու պատիվ այդ կուսակցությանը, որ ունենալով բոլոր լծակները, ոչ մի լծակ չի օգտագործում մեկ թեկնածու ավել անցկացնելու համար»- պատասխանեց պարտված հանրապետականը:

Վարդիթեր Գասպարյանը հաղթանակած հակառակորդին չշնորհավորեց, ավելին՝ «ՀԱԿ-ի դրածո թեկանծու» որակեց նրան: Ի պատասխան, հաղթած Հովհաննես Պողոսյանն ասաց՝ «Դա իր սեփական կարծիքն է, ես անկուսակցական եմ, իմ նպատակն է՝ աշխատել գյուղի համար»:

Ընտրախախտումների բացահայտման պահանջով Վարդիթեր Գասպարյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG