Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Սեյրան Օհանյանից «քաջություն» են ակնկալում


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիքով, Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարությունը «տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում»:

Սեյրան Օհանյան - Րաֆֆի Հովհաննիսյան - Վարդան Օսկանյան դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը չտալով անուններ, ասել էր՝ քաղբանտարկյալներ, իհարկե, կան:

«Արձանագրում եմ, որ հանձինս Սեյրան Օհանյանի, պաշտոնատար անձինք իշխանության մեջ զրկված են իրենց կարծիքներն ազատ արտահայտելու հնարավորությունից: Ավելին, պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնների պահպանման մտահոգությունից ելնելով, ճշմարտությունը չեն ասում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծում է, որ Օհանյանը ստիպված է պատասխանել հարցին․ - «Օդում իսկապես կախված էր այդ հարցը, թե պարոն Օհանյանը ընդդիմադի՞ր է, ընդդիմադիր է ձևանո՞ւմ, թե՞ ընդդիմադիր է դառնում արդեն: Այնուամենայնիվ այդ հարցին ինքը իսպառ չպատասխանեց: Եթե ուշադրություն դարձնեք, ճշտող հարց եղավ՝ փակ հարցի տեսքով, թե Ժիրայր Սեֆիլյանն արդո՞ք [քաղբանտարկյալ է]․․․ հիմա հո քառասուն հոգու անուններ չպիտի՞ տային լրագրողները»:

Սեյրան Օհանյանը պաշտոնավարման տարիներին մշտապես հերքում էր, թե Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ կան:

2014 թվականին, օրինակ, Ազգային ժողովի ամբիոնից Պաշտպանության նախարար Օհանյանը խոսում է Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա խաբեությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով երկու հազար ԱՄՆ դոլար է հափշտակել։ Զինակից ընկերների պնդմամբ՝ Ավետիսյանը հետապնդվում էր հենց իր ակտիվության համար:

«Որևիցե մի քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա: Նույնիսկ դա վիրավորական է հենց իմ համար, որ մեր նախկին սպաները զբաղվում են այնպիսի խախտումներով, որոնց դեմ Պաշտպանության նախարարությունն է պայքարում: Եվ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված խարդախության առումով, և խարդախության առումով էլ այդ քրեական գործի ընթացքը պետք է շարունակվի: Ո՛չ ավելի», - 2014-ին ասել էր Օհանյանը:

Կամ 2015-ին Շուշիի ազատագրման տոնին մասնակցող նախարար Օհանյանից լրագրողները հետաքրքրվում են, թե ինչպես է գնահատում հերոսամարտի մասնակից, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, որին շատ ընդդիմադիրներ և իրավապաշտպաններ քաղաքական բանտարկյալ էին համարում:

Օհանյանը պատասխանել էր․ - «Կարծում եմ, որ այսօր մենք ունենք կայացած պետություն, և եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն ինչ-որ խնդիրներ կան, ինչ-որ թերություններ կան, նաև խախտումներ եղել են: Հարցը պետք է տալ այն կազմակերպություններին, ովքեր որ ձերբակալել են»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Սեյրան Օհանյանից «քաջություն» է ակնկալում՝ բացահայտելու Հայաստանում քաղբանտարկյալների, Մարտի 1-ի, զինված ուժերում տիրող վիճակի, արտաքին քաղաքական խնդիրների՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ողջ ճշմարտությունը․ - «Ինքը ասելու է այնպիսի բաներ, որի մեջ ինքն էլ է մասնակից եղել․․․ և խոստովանում է սեփական նաև պատասխանատվության չափը: Կգտնեն, որ նա հայտ է ներկայացնում ընդդիմություն դառնալու համար: Իսկ եթե չասի, դա պարզապես կլինի մարդ, որը ուղղակի մնացել է անգործ և հիմա փորձում է գործ ճարել»:

Լևոն Բարսեղյանը Օհայանից ոչ միայն հանրությանը հուզող հարցերի պատասխաններ է սպասում, այլև՝ ներողություն․ - «Շատ կասկածում եմ, թե վերածվել է ընդդիմադրի: Գուցե ուզում է դառնալ ընդդիմադիր: Բայց դրանից առաջ հարկավոր է սեփական սխալները ճանաչել, հայտարարել այդ ճանաչման մասին և ներողություն հայցել հանրությունից այդ սխալների համար: Առանց այս քավարանով անցնելու Սեյրան Օհանյանը ընդդիմադիր քվեներ չի ստանալու: Առանց ներողության, եթե նույնիսկ համարի, որ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալներ են և այլն, վաղը չէ մյուս օրը, եթե լինի էլի [Գլխավոր] շտաբի պետ կամ Պաշտպանության նախարար, էլի կարող են ասել՝ զորքը բեր ժողովրդի, քաղաքի վրա, էլի վերցնի բերի: Համարի, որ այդ պահին քաղաքական կարիքը դա է պահանջում»:

Երկու տարի առաջ Սեյրան Օհանյանը չհանդիպեց «Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին: Շանթը պնդում էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, ինչի պատճառով հացադուլ էր հայտարարել և ցանկացել հանդիպել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարությունը «գաղափարական հաղթանակ» որակեց․ - «Երբ իշխանությունից դուրս եկավ, կորցրեց իր լծակները, ուժը, համարում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Հնարավոր է, որ ուժով ճնշում էին մեզ, բայց գաղափարապես նրանք ի վերջո պարտվեցին: Ու վստահ եմ, որ անգամ Սերժ Սարգսյանը մի օր ընդունելու է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որովհետև նրանցը ուժն է․ երբ որ ուժ չունենան, բնականաբար, գաղափարապես մեզ պարտվելու են»:

XS
SM
MD
LG