Մատչելիության հղումներ

«Երկրում այնպիսի ծանր վիճակ է, որ չենք կարող կողմ քաշված մնալ»


«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

Այս տարվա ապրիլ ամսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մտավորականներն ու արվեստագետներն էլ ակտիվ մասնակցություն են կունենա ոչ միայն որպես ընտրող, այլև որպես ընտրապայքարի մասնակից:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, ընդգրկվել է Հայ ազգային կոնգրեսի ցուցակում, արձակագիր Համբարձում Համբարձումյանը՝ «Ելք» դաշինքի ցուցակում:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե երկրում այնպիսի ծանր իրավիճակ է ստեղծվել, որ իրենք պարզապես չեն կարող մի կողմ քաշված մնալ․ - «Երկու ճանապարհ կա՝ կա՛մ քաղաքականով, կա՛մ ապաքաղաքականով: Ապաքաղաքականը՝ «Սասնա ծռերի» նման բողոքները անընդունելի են՝ երբ որ կա պետություն, երբ որ այդ պետությունը պատերազմում է: Ուրեմն պետք է փորձել քաղաքական ճանապարհը: Մինչև այս, իհարկե, Հայաստանում քաղաքական ճանապարհով ոչ մի հարց հնարավոր չէր լուծել, բայց 4+4+4 ֆորմատի շնորհիվ ստեղծվեց հնարավորություն, որ առնվազն 500 հազար ձայն հնարավորություն չունենա իշխանությունը կեղծել»:

Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչու է որոշել ընդգրվել հենց ՀԱԿ-ի ցուցակում․ - «Նայեցի իշխանության աչքերին․ իշխանությունը ումից է վախում, ումից է կաշկանդվում, ում միտինգներն է ցրում, ում է հետապնդում, որ կուսակցությունը չունի ֆինանսավորում, որ կուսակցությունը չունի հեռուստատեսություն, լրատվամիջոցներ և այլն: Ես այդպես ընտրեցի Կոնգրեսը»:

«Ես վտանգ եմ զգում սահմանադրական փոփոխությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված», - ասաց արձակագիր Համբարձում Համբարձումյանը՝ պարզաբանելով․ - «Հայաստանը փակ բաժնետիրական ընկերության է վերածվելու, որտեղ մի քանի խոշոր բաժնետերեր իրար մեջ կիսելու են: Ու այդ պրոցեսը գնում է․ մի կողմից կա Հանրապետական կուսակցությունը՝ իր որոշ թևերով, մի կողմից կա Ծառուկյանը, նախկին իշխանավորներ, որ կարող են հավակնել մաս կազմել: Ու պրոցեսից ժողովուրդը դուրս է մնալու»:

Հանրապետականի թեկնածուների ցուցակի հրապարակումից հետո Համբարձումյանը հետևյալ եզրակացությանն է եկել․ - «Այն հեքիաթները, որ՝ հիմա մենք համակարգ ենք փոխում, և այս համակարգում արդեն լրիվ նոր հարաբերություններ են լինելու, պարզվեց, որ մեծ սուտ էր, մեծ փուչիկ էր»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, ինքը մերժել է իր անունը այս կամ այն ցուցակում ընդգրկելու բոլոր առաջարկները․ - «Ես չեմ առաջադրվելու ոչ մի դաշինքի և կուսակցության ոչ մի տեսակի ցուցակով, որովհետև ինձ չեմ պատկերացնում այդ պրոցեսներում: Մյուս կողմից, ուրախանում եմ, որ գուցե նոր Սահմանադրությունից է, կամ նոր Ընտրական օրենսգրքից, որ հնարավորություն կա Արմեն Մարտիրոսյանի, Համբարձումի պես մարդիկ հավատով ներգրավվեն այդ պրոցեսների մեջ»:

Նիկողոսյանն անդրադարձավ նաև նախկին իշխանավորների կողմից դաշինք կազմելուն և ընդդիմադիր դիրքերից հանդես գալուն․ - «Ընդդիմադիրից իշխանություն, իշխանությունից ընդդիմադիր ընդամենը մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձություններով էլ դրանում համոզվում ենք: Մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանը իշխանություն էր, երբ պաշտոնին չի՝ արդեն ընդդիմություն է: Հովիկ Աբրահամյանի պարագան տեսանք: Ընդհանրապես այդ վազվզոցները դաշինքից դաշինք, կուսակցությունից կուսակցություն, ընտրատարածքից ընտրատարածք․․․ Ընդհանրապես թվում է, թե այն, ինչ կատարվում է անգամ «Ելք»-ում, ՀԱԿ-ում, մնացած դաշինքներում, կուսակցություններում․․․ Այն մեծ ընտրությունը, որ պետք է կատարվի, ինձ թվում է, կատարվում է այդ կուսակցություններում, դաշինքներում, և դա այդքան էլ գեղեցիկ չէ: Մտահոգիչ է նաև այն առումով, որ, այնուամենայնիվ, ընտրես-չընտրես՝ կապ չունի, գարշելիորեն ինչ-որ պայմանավորվածություններ եմ տեսնում այս ամեն ինչի հետևում՝ անկախ նրանից, կուսակցությունների, դաշինքների հավակնությունները այս պահին ընդդիմադիր են թե իշխանական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG