Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Ռուսաստանի հաքերների և լրատվամիջոցների «թիրախ»


Էմանյուել Մակրոնը Ալժիրում ֆրանսիական համայնքի հետ հանդիպման ժամանակ, 13-ը փետրվարի, 2017թ․
Էմանյուել Մակրոնը Ալժիրում ֆրանսիական համայնքի հետ հանդիպման ժամանակ, 13-ը փետրվարի, 2017թ․

Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածուներից Էմանյուել Մակրոնի կայքը Ռուսաստանի կողմից ենթարկվում է կիբերհարձակումների, իսկ ինքը Մակրոնը դարձել է ռուսաստանյան լրատվամիջոցների թիրախ: Այս մասին հայտարարել է Մակրոնին սատարող «Դեպի առաջ» շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը:

France-2 ռադիոկայանի եթերում Ֆերանն ասել է, որ ռուսաստանյան լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում «Դեպի առաջ» շարժման մասին, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը Մակրոնից և շահեկան լույսի ներքո ներկայացնեն աջակողմյան ուժի թեկնածու Մարին Լը Պենին ու աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնին՝ այդպիսով փորձելով միջամտել մայիսին կայանալիք ընտրություններին:

Նրա վկայությամբ՝ Մակրոնի կայքը ամեն օր Ռուսաստանի տարածքից ենթարկվում է հարյուրավոր և նույնիսկ հազարավոր էլեկտրոնային հարձակումների:

Ֆերանը դիմել է ֆրանսիական կառավարությանը, պահանջելով քայլեր ձեռնարկել՝ «երաշխավորելու, որ թույլ չեն տա որևէ միջամտություն երկրի դեմոկրատական կյանքում»:

Ֆերանի համոզմամբ՝ Մակրոնը դրսի ուժերի թիրախ է դարձել, որովհետև «նա հզոր Եվրոպայի կողմնակից է, Եվրոպա, որը ցուցադրում է իր ուժը, այդ թվում նաև՝ Ռուսաստանին», մինչդեռ մյուս թեկնածուները Ռուսաստանի հարցում ավելի բարեկամական դիրքերից են խոսում:

Փետրվարի 4-ին ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալության ֆրանսիական կայքը մեջբերել է ֆրանսիացի պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը պնդում էր, թե Մակրոնը «ամերիկյան քաղաքական և ֆինանսական վերնախավի տիկնիկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG