Մատչելիության հղումներ

Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ. Տոնոյան


Իվետա Տոնոյան, արխիվ

Իվետա Տոնոյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ։

«Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական բազմաթիվ, այդ թվում՝ Սփյուռքի կառույցներ ներկայացնող ուժեր, որոնց հետ, այո, եղել են քաղաքական քննարկումներ, այդ թվում՝ նաև ՍԴՀԿ-ի հետ: Սակայն ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը», - գրել է Տոնոյանը:

Գագիկ Ծառուկյանի համար, ըստ ԲՀԿ առաջնորդի խոսնակի, շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների:

Այսօր ՍԴՀԿ-ն հայտարարել էր, որ դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG