Մատչելիության հղումներ

Հայկական 5 ընկերություն Մոսկվայում մասնակցում է «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին


Արտահանման խթանման նպատակով, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հայկական ընկերությունները ցուցադրում են տրիկոտաժի, գուլպա-զուգագուլպաների, ներքնազգեստի, տղամարդկանց, կանանց, մանուկների տնային և սպորտային հագուստի հավաքածուներ։ Հայկական ընկերությունները միջազգային ցուցահանդեսին մասնակցում են՝ արտահանման պայմանագրեր կնքելու և, Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության առավելություններն օգտագործելով, շահավետ պայմաններով ռուսական շուկա դուրս գալու նպատակով։

2016-ի փետրվարին և սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 միլիոն դրամ արժողությամբ։

«ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝ անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանման համար, ինչից օգտվելով, մեր ընկերությունները կարող են շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ», - նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«ՏեքստիլԼեգՊրոմ»-ը տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն ավելի քան 60 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Տարեկան երկու անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2 հազար 500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից և ավելի քան 30 հազար այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։

«ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերն է՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս», - ասված է Հայաստանի զարգացման հիմնադրամի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG