Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը, հաղորդել է, որ նախագահ Ալիևը և նախարար Ջանելիձեն հանդիպման ընթացքում կարևորել են երկու երկրների բարիդրացիական և ռազմավարական համագործակցությունը:

«Թբիլիսին և Բաքուն շարունակելու են իրականացնել համատեղ ծրագրեր», - ասվում է Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդագրությունում: Խոսքն ամբողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի՝ «Հարավային էներգետիկ միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է:

Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը և Ջանելիձեն հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությանը, և Վրաստանի արտգործնախարարն այդ կապակցությամբ ողջունել է Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական փաստաթղթի մշակումը:

Միխեիլ Ջանելիձեին երեկ Բաքվում ընդունել է նաև Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամեդյարովը:

1news.az լրատվական կայքի փոխանցմամբ, Ջանելիձեն վերահաստատել է, որ Թբիլիսին միանշանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Ադրբեջանը և Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Երկու երկրները մտադիր են շարունակել քաղաքական երկխոսությունը», - ասել է Ջանելիձեն:

Միաժամանակ, նա նշել է, որ վրաց-ադրբեջանական փոխադարձ առևտրի ծավալը 2016 թվականին նվազել է, ուստի, նախարարի փոխանցմամբ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ միտումը կանխելու և զարգացում ապահովելու ուղղությամբ:

Մամեդյարովն, իր հերթին, ասել է, որ «Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական են, և դրանց հիմքում դրված են բարեկամության և բարիդրացիության արժեքները»:

Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը և Վրաստանը ճանաչում են մեկմեկու տարածքային ամբողջականությունը:

Մամեդյարովը երեկ հայտնել է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա ՎՈւԱՄ-ի՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի գագաթնաժողովը, բացի այդ՝ այս տարի նախատեսված է նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

XS
SM
MD
LG