Մատչելիության հղումներ

Անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը պարզեցվել է․ ՊԵԿ


Հայաստան - Ներմուծված ավտոմեքենաներ մաքսային անցակետում, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով այսօրվանից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղևորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի և կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։

«Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից», - նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

«Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանն էլ ասել է․ - «Եթե նախկինում ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացիները հաճախ ստիպված էին լինում դիմել մաքսային միջնորդներին և վճարել մատուցվող ծառայությունների դիմաց, ապա այժմ այդ գործընթացն իրականացնելու է մաքսային մարմինն՝ առանց լրացուցիչ վճար գանձելու: Մաքսային տեսուչները նախապես ծանոթացել են ծրագրին դասընթացի միջոցով»:

Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստան ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ Պարզեցված մեխանիզմի կիրառման շնորհիվ ժամանակ խնայելուց բացի դուրս է եկել տրանսպորտային միջոցի վերաարտահանման ժամանակ նոր փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, փոխարենը ներմուծման փաստաթղթում նշում է կատարվում տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի մաքսային սահմաններից դուրս գալու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG