Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Շտայնմայերին Գերմանիայի նախագահ ընտրվելու առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, Երևան, 29-ը հունիսի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը «գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարը երկու երկրներն ամփոփում են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում լուրջ ձեռքբերումներով և դրանք երկուստեք լրացնելու պատրաստակամությամբ, ինչի մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը»։

«Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցը: Մեծապես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաև անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլև նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր և պատասխանատու պաշտոնում»,- ասված է ուղերձում:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հիշեցնենք, Գերմանիայի նախկին արտգործնախարարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG