Մատչելիության հղումներ

Amnesty-ն դատապարտում է Լապշինի արտահանձնումը, պահանջում ազատ արձակել նրան


Ադրբեջան - Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվի օդանավակայանում իջեցնում են ինքնաթիռից, 7-ը փետրվարի, 2017թ․

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը անցած շաբաթավերջին տարածած հաղորդագրությամբ դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ընդգծել է, որ հայտնի բլոգերին Ադրբեջանում սպառնում են խոշտանգումներ, վատ վերաբերմունք և անարդար դատավարություն, և համոզմունք է հայտնում, որ քրեական հետապնդումը նրա դեմ պետք է դադարեցվի:

Նշելով, որ Լապշինը կալանավորվել է Բելառուսում անցած տարվա դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և որ նրա դեմ ադրբեջանական իշխանությունները գործ են հարուցել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ «պետության դեմ հրապարակային կոչեր» և «սահմանի ապօրինի հատում», 2011 և 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի համար, իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է․ - «Amnesty International-ը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղ առանց իրենց թույլտվության այցելելու համար անձանց դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից արված արտահանձնման դիմումների այլ դեպքերի: Այդուհանդերձ, կան բազմաթիվ անհատներ, որոնք այցելել են այդ տարածք առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության և հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը համոզմունք է հայտնում, որ բլոգերի արտահանձնումը և նրան առաջադրված մեղադրանքները կապված են առաջին հերթին նրա հրապարակումների հետ:

Amnesty International-ը շեշտում է նաև, որ արտահանձնելով Լապշինին՝ Բելառուսի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG