Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ


Արթուր Բաղդասարյանն այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվեց «Օրինաց երկրի» հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

«Այսօր Հայաստանը դարձել է աշխարհի երկրների վերջին շարքերում մի կերպ իր գոյությունը քարշ տվող պետություն», - իր ելույթում հայտարարեց Բաղդասարյանը՝ խոստանալով՝ նախորդ տարի կազմավորված «Հայկական վերածնունդը» գնալու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ խնդիր ունենալով «երկիրը հանել խորը փոսից»:

Երեք տարի Ազգային ժողովի նախագահի, իսկ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնությամբ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են իրականացնելու իշխանության գալու դեպքում: Անվճար կրթության ու առողջապահության տրամադրումից մինչև պրոֆեսիոնալ բանակ, կենսաթոշակների ամենամյա բարձրացում ու արագաչափերի վերացում՝ խոստացավ Բաղդասարյանը: - «Իմ թիմակիցներն եք, իմ զորքն եք: Բոլորի կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք», - կուսակցության երրորդ համագումարին դիմեց «Հայկական վերածննդի» նախագահը:

Անցած տարվա փետրվարին հայտարարվեց, որ «Օրինաց երկիրը» լուծարվում է, և նրա հիմքի վրա 12 կուսակցությունների ու շուրջ 140 հասարակական կազմակերպությունների միավորմամբ ձևավորվում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Այդուհանդերձ, վերջին շրջանում հայտնի դարձավ, որ կառույցը լքում են «Միավորված հայեր», «Հայկանդուխտ» կուսակցությունները: Միավորումից հեռացման մասին էր հայտարարել նաև «Հայկական վերածննդի» երիտասարդական կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ կուսակցությունում կեղծ և գաղջ մթնոլորտ է:

Այսօր համագումարում խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ պառակտումներ թույլ չի տա: - «Թույլ չեմ տա որևէ մեկին ավելորդ, կեղտոտ, գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով ու նպատակներով, նախընտրական շրջանում պատվեր իջեցրած ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին: Կոչնչացնեմ ես նրանց՝ ով ուզում է լինի: Ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը», - սպառնաց Բիշարյանը:

Կուսակցությունից հեռացածների մասին կոշտ արտահայտվեց նաև «ՕԵԿ»-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը․ - «Ցավ է, որ մեր հաղթանակից որոշները չարությունից կուրացան, ցխկվեցին և պայթեցին, և փորձում են այսօրվա դրությամբ ցեխ շպրտել մեզ վրա»:

Ի՞նչ ձևաչափով է մասնակցելու «Հայկական վերածնունդն» առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այս հարցի պատասխանը համագումարի ելույթներում չհնչեց: Այդուհանդերձ, Հովհաննես Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Իսկ «Հայկական վերածննդի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ փոխանցեց, որ այլ ուժերի հետ համագործակցության մասին բանակցությունները շարունակվում են, բայց դաշինքներին դեմ են:

«Մենք բանակցությունները շատ վաղուց սկսել էինք և բանակցությունները մշտապես լինում են, բայց ես ասացի՝ մենք կողմնակիցն ենք միայնակ գնալու», - պարզաբանեց նա:

Իշխանության հասցեին կոշտ քննադատություններից հետո արդյո՞ք հնարավոր է, որ «Հայկական վերածնունդը» ընտրություններից հետո կոալիցիա կազմի, օրինակ՝ Հանրապետականի հետ: Այս հարցին Բիշարյանը հստակ չպատասխանեց՝ ընդգծելով, որ կարևոր է լինելու, թե փոփոխությունների համար որքան լծակ կստանա իրենց կուսակցությունը․ - «Կոալիցիան դա հնարավորություն է ծրագրերի իրականացման համար: Եթե մենք կունենանք ծանրակշիռ ներկայացուցչություն, կկարողանանք լուրջ հաջողություններ արձանագրել Ազգային ժողովի ընտրություններին, ապա մենք կորոշենք հետագան ինչպես ենք անելու»:

«Հայկական վերածննդի» հիմքը հանդիսացած «Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է արդեն մոտ 2 տասնամյակ, և ունի շուրջ 6 տարի իշխող Հանրապետականի հետ համագործակցելու փորձ:

Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը համագումարից առաջ և հետո լրագրողների հետ չշփվեց՝ հեռանալով հետնամուտքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG