Մատչելիության հղումներ

Փոքրիկ Էրիկի երազանքը․ «Ուզում եմ լինի տաք սենյակ»


Էլեկտրաէներգիայի համար վճարած 38,000 դրամը հաշմանդամություն ունեցող Անուշ Փոփեյանի ընտանիքին նպաստից զրկելու պատճառ կարող է դառնալ:

«Ասացին՝ որոշումա կայացվել՝ եթե նպաստառու ընտանիքները հոսանքը շատ են ծախսում, նպաստները դադարեցվումա», - «Ազատությանը» պատմեց Անուշը: - «Դռնից ցուրտը փչումա, պատուհանից փչումա, ես ո՞նց չտաքացնեմ էս փոքրներին․․․ ցրտից թաթիկները սառել էր, հիվանդացել, հազ ունի», - հավելեց նա:

Սևան քաղաքի վթարային հանրակացարանի 14 քմ-ոնց, ցուրտ ու խոնավ սենյակն Անուշը տաքացրել է միայն էլեկտրականությամբ: Ասում է՝ հունվարը սաստիկ ցուրտ էր Սևանում, ու դա է պատճառը, որ նախորդ ամիսների համեմատ հունվարին ավելի շատ հոսանք են ծախսել: Կինն ասում է՝ գլխին պատուհաս դարձած հոսանքի վարձն էլ երևանցի երկու աղջիկներ են վճարել՝ որպես բարի կամքի դրսևորում:

Ծանր ավտովթարից հետո մեծ դժվարությամբ տեղաշարվող Անուշի ամսական եկամուտը 47,000 դրամ է, որից 16,000-ը` հաշմանդամության թոշակն է, մնացածը՝ ընտանեկան նպաստը:

Մինչև երևանցի բարեգործները հոսանքի գումարը կմուծեին՝ 14 քմ-անոց սենյակը 1 օրով հոսանքազրկվել էր: Անուշի հարևանուհու՝ Թամարա Միլիտոնյանի կենցաղային պայմանները գրեթե նույնն են, տարբերությունը մեկն է՝ նրանք վառարան ունեն: Հենց այս հարևանուհին է Անուշի երկու անչափահաս երեխաներին հոսանքազրկված սենյակից իր տուն տարել, որ չցրտահարվեն:

Մեր զրույցի պահին դպրոցից տուն մտած 7-ամյա Էրիկը տանն ուտելու բան այդպես էլ չգտավ: Թեև էլեկտրական սալիկը միացված էր, բայց բերանից դուրս եկող գոլորշին հստակ տեսանելի էր: Սառած մատներով մորը մեկնեց դպրոցական տետրերը. իր գնահատականների նման գերազանց կյանք է երազում Էրիկը: - «Ուզում եմ լինի տաք սենյակ», - իր մեծ երազանքի մասին պատմեց փոքրիկը:

Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց, որ անապահովության գնահատման կարգի հիմքում դրվում են ԱՎԾ-ի ամենամյա աղքատության գնահատման ցուցանիշները: Ըստ Մինասյանի՝ հոսանքի ու գազի սպառման քանակը նույնպես խոսում է ընտանիքի նյութատնտեսական պայմանների մասին: - «Ինքը՝ էլեկտրաէներգիայի սպառման քանակը բացարձակ որոշիչ դեր չունի, բայց կա էլեկտրաէներգիայի որոշակի քանակ՝ նորմատիվները գերազանցող․․․ արդյունքում՝ կպարզվի նրա նպաստի իրավունքը կպահպանվի, թե ոչ: Սա արդեն հարցի մյուս կողմն է: Բոլոր հանգամանքները հաշվի են առնվում», - մանրամասնեց պաշտոնյան:

Անուշին այս կարգն առավել մատչելի բացատրել էին սևանցի պաշտոնյաները: Նա այժմ սպասում է ստուգող հանձնաժողովին, պատրաստվում է ցույց տալ նաև իրենց հարկի մութ ու ցուրտ միջանցքի վերջնամասում գտնվող ընդհանուր սանհանգույցը: Ասում է՝ սա ապցույցն է այն բանի, որ քաղաքակիրթ աշխարհից դուրս են մնացել: - «Բաղնիքի մասին, որ ընդհանրապես խոսք լինել չի կարա», - հավելում է նա:

37-ամյա կինը դեռ հույս ունի, որ կառավարությունը կվերանայի անապահով ընտանիքներին նպաստ տրամադրելու կարգը: Հակառակ դեպքում, ասաց՝ եթե հոսանքն էլ խնայենք, ձմռանը 4 պատերի մեջ կցրտահարվենք:

Նպաստի չավելացող գումարը, հոսանքի պարբերական անջատումներն ու պետական բոլոր ատյանների կողմից անտեսված լինելն է պատճառը, որ որոշել են ընտրություններին իշխանական թևի օգտին չքվեարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG