Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան «պատահականության հետևանք» են համարում թուրք զինծառայողների զոհվելը


Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը համատեղ ասուլիս են տալիս, Թուրքիա, 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

ՌԴ նախագահի մամլո խոսնակն ասել է, թե նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը «կառուցողական կերպով ու մանրամասնորեն քննարկել են կատարվածը»։

Ռուսաստանի օդուժը Սիրիայում գործելիս ղեկավարվել է հենց թուրքական կողմի տրամադրած կոորդինատներով, որոնց համաձյան, թիրախի մերձակայքում թուրք զինվորականներ չպետք է լիենին: Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական ռազմական ինքնաթիռի հասցրած հարվածների հետևանքով թուրք զինծառայողների զոհվելու միջադեպը:

«Իրավիճակը հասկանալի է, երկու կողմերի համար էլ վիճելի հարց չկա: Անհրաժեշետ է բարելավել համատեղ գործողությունների ժամանակ տեղեկատվության փոխանակման մեխանիզմը»,- նաև ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն արդեն «կառուցողական կերպով ու մանրամասնորեն քննարկել են կատարավածը»։

«Միջադեպը բացարձակապես պատահականության հետևանք է»: Սա էլ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ նույն դեպքի առթիվ այսօր արած հայտարարությունն է: «Շատ կարևոր է, որ հարգելի պարոն Պուտինը տեղեկացրել է այն մասին, որ կատարվածը պատահականություն է: Եվ այն դիրքորոշումը, որը որդեգրել է ռուսական կողմն այս միջադեպի հետ կապված, նույնպես կարևոր է»,- նաև նշել է թուրք պաշտոնյան։

Այսօր ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի ռազնական գերատեսչության իր աղբյուրին, նույնպես գրել է, որ երեկվա միջադեպի համար պատասխանատու է թուրքական կողմը, որը սխալ տվյալներ է տրամադրել ռուս օդաչուներին։

Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ռուսական ռազմական ինքնաթիռի իրականացրած հարվածների հետևանքով նախօրեին երեք թուրք զինծառայող զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել են։ Թուրքական կողմի տարածած առաջին իսկ հաղորդագրությունում նշված էր, որ ռուսական օդուժը «պատահաբար է» հարվածել «Եփրատի վահան» ռազմական գործողության տարածքում գտնվող մի շինության, որում թուրք զինվորներ են գտնվել։

Միջադեպից հետո ռուս պաշտոնյաներն անմիջապես հայտարարելցին, որ կատարվածը թիրախի կոորդինատների սխալի հետևանք է: Ռուսական կողմը նաև իր ցավակցությունը հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ։ «Դեպքի առթիվ երկկողմ ուսումնասիրություններ և աշխատանքներ են տարվում»,- մասնավորապես, ասված էր Ռուսաստանի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։ Կրեմլի երեկվա հաղորդագրությունն էլ տեղեկացնում էր, որ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում թուրքական զինվորների մահվան պատճառ դարձած ողբերգական միջադեպի կապակցությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին ու ցավակցություն հայտնել «գործընկերոջը»:

Կրեմլի հաղորդմամբ, երկու առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացիան Սիրիայում՝ «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական կազմավորումների դեմ տարվող ռազմական գործողություններն իրականացնելիս: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ էլ, միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Վալերի Գերասիմովի հետ։

2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ էր խոցել՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե այն հատել էր Թուրքիայի օդային սահմանը։ Այս միջադեպը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում երկարատև ճգնաժամի պատճառ դարձավ։ Դրանք, սակայն, սկսեցին վերականգվել 2016 հուլիսից՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը նամակ գրեց Պուտինին։

Թուրք-ռուսական վերականգնվող հարաբերությունները ևս մեկ փորձության ենթարկվեցին անցած դեկտեմբերին, երբ Անկարայում 22-ամյա նախկին ոստիկան Մևլութ Ալթինթասը գնդակահարեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին։ Այն ժամանակ էլ ինչպես պաշտոնական Մոսկվան, այնպես էլ պաշտոնական Անկարան, շտապեցին հույս հայտնել, որ տեղի ունեցածը չի վնասի երկկողմ բարեկամական հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG