Մատչելիության հղումներ

Ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը դեռ կմնա սառեցված


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիա Լոս Անջելեսի օդանավակայանում, 29-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիա Լոս Անջելեսի օդանավակայանում, 29-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ մահմեդական 7 երկրներից ներգաղթը սահմանափակելու, փախստականների մուտքը կասեցնելու վերաբերյալ, կշարունակի մնալ սառեցված. դաշնային վերաքննիչ դատարանը երեկ միաձայն որոշեց մերժել այն վերականգնելու Սպիտակ տան պահանջը:

Դատարանի 29-էջանոց որոշման մեջ նշվում է՝ Թրամփի վարչակազմը չներկայացրեց որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ նախագահի հրամանագրում ներառված 7 երկրների քաղաքացիները ահաբեկչություն են կազմակերպել Նահանգներում, և որ նրանց մուտքի սահմանափակումը բխում է Ամերիկայի ազգային անվտանգության շահերից:

«Կտեսնվենք դատարանում», - ի պատասխան հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը՝ չհստակեցնելով, սակայն՝ երբ և հատկապես որ դատական ատյան է մտադիր դիմել:

«Դա քաղաքական որոշում էր, մենք մի իրավիճակում ենք, երբ խաղասեղանին է դրված մեր ազգային անվտանգությունը։ Սա շատ, շատ լուրջ վիճակ է, այնպես որ մենք անհամբերությամբ ենք սպասում նրանց հետ հանդիպմանը դատարանում», - ասաց Թրամփը:

Ընդդիմախոսների արձագանքը չուշացավ:

«Պարոն նախագահ, մենք հենց նոր հանդիպեցինք դատարանում և պարտության մատնեցինք Ձեզ», - հայտարարեց հրամանագիրը վիճարկող նահանգներից մեկի՝ Վաշինգտոն նահանգի առաջնորդ, դեմոկրատ Ջեյ Ինսլին:

«Սա մեր նահանգի լիակատար հաղթանակն է», - պնդեց Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը: - «Ամերիկան օրենքի երկիր է, և ինչպես ես հայտարարում էի առաջին իսկ օրվանից, այդ օրենքները վերաբերում են այս երկրում ապրող յուրաքանչյուրին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահին: Մենք ընդունում ենք, որ նախագահն ունի հրամանագրեր արձակելու լայն լիազորություններ, սակայն դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»:

«Սա ամենևին էլ քաղաքական հարց չէր, և ոչ էլ՝ կուսակցական որոշում, դատարանը ընդամենը ամրագրեց, որ կառավարությունը չի կարող մարդկանց իրավունքները սահմանափակել առանց որևէ հիմք ներկայացնելու, զուտ ազգային անվտանգության մտահոգությունները վկայաբերելով», - ասաց հրամանագիրը վիճարկող դատախազներից Նոա Փարսելը:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե այժմ ուսումնասիրում է դատական վճիռը՝ հետագա քայլերը որոշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG