Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետ՝ հարցերը տեղում լուծելը ընտրական գործընթացի արդարության գրավականն է


Ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգ, Երևան, 10-ը փետրվարի, 2017 թ․

Ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգ, Երևան, 10-ը փետրվարի, 2017 թ․

Ներկայումս Հայաստանում գտնվող, ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգի դիտարկմամբ, երբ ավելի ուշ սկսվում է գանգատների բողոքարկման գործընթաց, դա առնվազն նշանակում է, որ թերությունները տեղում չեն շտկվել:

Ընտրություններն արդար կազմակերպելու կարևոր նախապայմաններից մեկը քվեարկության օրը ծագող խնդիրները հենց տեղում լուծելու հնարավորությունն է: Այս կարծիքին է ներկայումս Հայաստանում գտնվող՝ ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Նրա պնդմամբ, այդ հնարավորության ապահովման մեջ լրջագույն դերակատարում պետք է ունենան բոլորը՝ ընտրական հանձնաժողովից մինչև քաղաքացիական հասարակություն:

«Երբ ավելի ուշ սկսվում է գանգատների բողոքարկման պաշտոնական գործընթաց, դա նշանակում է, որ թերությունները տեղում չեն շտկվել: Տեսեք՝ եթե ձեր խոհանոցում հրդեհ բռնկվի, դուք ի՞նչ կանեք՝ միանգամից ջուր կլցնե՞ք, թե՞ երկու օր կսպասեք, որ տունն այրվի, հետո բողոքեք, թե քնելու տեղ չունեք: Բոլորի պարտավորություն է՝ անհապաղ բարձրաձայնել յուրաքանչյուր չարաշահման մասին: Որևէ մեկն անձեռնմխելի չէ: Եթե դա տեղի ունենա, ապա լրատվամիջոցներն էլ կհայտարարեն, որ կայացան արդար ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետը:

Այն մասին, որ Հայաստանի ներկայիս ընտրական համակարգը բարդացված է, արդեն իսկ խոսել են ինչպես տեղի, այնպես էլ միջազգային դիտորդներն ու վերլուծաբանները: Ջոն Հարդին Յանգն էլ քաջատեղյակ է այս խնդրին: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք նման համակարգը չարաշահումների ավելի մեծ հնարավորություն չի ստեղծում, ամերիկացի փորաձագետը պատասխանեց՝ անկախ օրենսգրքի առանձնահատկություններից, ընտրական բուն գործընթացը շատ հասկանալի է, ավելին՝ հենց ԸՕ-ն պահանջում է, որ ընտրական հանձնաժողովի անդամները նպաստեն քվեարկության ընթացքում առաջացող բոլոր խնդիրների հրատապ լուծմանը:

«Հայաստանը երկար ճանապարհ է անցել վերջին քառորդ դարում: Օրենսգիրքն աստիճանաբար հղկվում է, չնայած պարզեցնելու տեղ ունի: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դա տեղի կունենա, քանի որ ժողովրդավարության մեջ ավելի կարևոր իրավունք գոյություն չունի, քան քվեն և քվեի հետ հաշվի նստելը»,- շարունակեց միջազգային փորձագետը:

«Ազատության» հիշեցմանն ի պատասխան, թե շատերի դիտարկմամբ, օրենքները գուցե բարելավվում են, սակայն, կյանքի չեն կոչվում, ինչի հետևանքով, ընտրակեղծարարություն ոչ միայն քվեարկության օրն է տեղի ունենում, այլև դրանից առաջ ու հետո, փորձագետը ևս մեկ անգամ պնդեց՝ ընտրական գործընթացի ձախողումը բոլորի բացթողումն է:

«Չարաշահումները ո՛րևէ դրսևորմամբ, ո՛րևէ տեղում, անընդունելի են: Հուսանք, որ տեսախցիկները դրանց գոնե որոշ մասը կկրճատեն»,- ասաց Ջոն Հարդին Յանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG