Մատչելիության հղումներ

Ինտերպոլը չի հաստատում Լուկաշենկոյի պնդումը


Ադրբեջան - Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ուղեկցում են մեկուսարան, Բաքու, 7-ը փետրվարի, 2017թ․

Հայաստանի ոստիկանությունը հարցում է ուղարկել Ինտերպոլին, պարզելու՝ արդյոք Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված եղե՞լ է, թե՞՝ ոչ։

Երբ Բելառուսի պաշտոնական աղբյուրները հայտնել են, թե Ինտերպոլի ուղիներով Լապշինի նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում, ՀՀ ոստիկանությունը Հայաստանում Ինտերպոլի միջոցով ստուգում է անցկացրել, սակայն չի գտել նրա տվյալները բազայում, ապա լրացուցիչ հարցում է արել Ինտերպոլի գլխամաս, թե եղե՞լ է արդյոք Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են. - «Մենք ստուգել ենք և հաստատում ենք, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության (IPSG) բազայում նման տեղեկություն առկա չէ»։

Նշենք, որ անցած շաբաթավերջին ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ վկայակոչեց «Ինտերպոլի որոշումը»՝ հիմնավորելու, թե ինչու Ալեքսանդր Լապշինին պետք է հանձնել Ադրբեջանին: Նա պնդում էր, թե Ադրբեջանը ոչ թե իրենց, այլ Ինտերպոլին էր դիմել Լապշինի հարցով:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցած տարեվերջին Մինսկում, այս շաբաթ Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին: Բլոգերը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG