Մատչելիության հղումներ

Երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր երկրորդ անգամ միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ:

Նիստը վարող Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը նկատեց, թե Գագիկ Ծառուկյանի անունը հնչեցնելը արդեն բավարար է, և քվեարկություն պետք էլ չէ:

Ամեն դեպքում ԲՀԿ-ականները, ըստ կանոնադրության, քվեարկեցին, ապա ծափերի ներքո Ծառուկյանը բեմ բարձրացավ:

Ուշագրավ է, որ իր ելույթում ԲՀԿ նորընտիր նախագահը իշխանափոխության մասին ընդհանրապես չխոսեց: Եթե երկու տարի առաջ, Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններից ու հակասություններից հետո, նա հայտարարում էր, թե պետք է ազատվել չարիքի իշխանությունից, ապա այսօր նա հորդորեց իր կուսակիցներին ընտրություններին գնալ զուսպ և որևէ քաղաքական ուժի չվիրավորել․ - «Եկել եմ թիմակիցներին ասելու, որ ընդհանրապես բոլորի հանդեպ պետք է լինեք հարգալից: Բոլորի հանդեպ, ցանկացած կուսակցության: Որևիցե մեկին վիրավորել չի կարելի: Վիրավորում ա թույլ մարդը, որն ինքն իրանից բան չի ներկայացնում․․․ Ուժեղ մարդը, հզոր մարդը, հարգված մարդը երբեք թույլ չի տա: Բայց եթե որևիցե մեկը կփորձի ձեզ վիրավորել, ձեր պատիվը իմ պատիվն է, իմը՝ ձերն է: Ուրեմն այնպես կդնենք իրեն տեղը․․․ ինքը որտեղից ա էկել, ինչի համար ա էկել, նպատակը ինչ է»:

Գագիկ Ծառուկյանն իր 40 րոպեանոց ելույթում պարբերաբար անդրադառնում էր լրագրողներին՝ ասելով, թե նրանք ամեն ինչ խառնում են, իրեն մեղադրում են պայմանավորվածությունների մեջ և այլն: Կրկին անդրադառնալով 2015 թվականի իրադարաձություններին՝ Ծառուկյանը ընդգծեց, որ ինքն արյունահեղություն չէր ուզում․ - «Էն անգամ Ծառուկյանը չգնաց, հիմա տեսնենք գնալու ա, թե չէ․․․ Սիրելի լրագրողներ, այդ ասողները չար մարդիկ են: Ծառուկյանը չէր կարող իր ազգին, իր ժողովրդին տաներ արյունահեղության: Ես ամեն ինչ իմ վրա վերցրել եմ, և իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության․ դա արյունահեղություն էր: Թիմին էլ չեմ վնասել: Ես սաղ իմ վրա վերցնելով՝ համապատասխան մեր երկու երկրների անվտանգությունը ապահովելու համար ցնցման դեպքում: Գիտեք, որ մեր թշնամին քայլ կարող է կատարել, և բոլորի մեղավորը լինելու էր Ծառուկյանը»:

Ապա ԲՀԿ ղեկավարը անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին՝ ներկայացնելով խնդիրների լուծման իր տեսլականը: Ծառուկյանը շեշտեց, թե ասում են՝ նավթ չունենք, գազ չունենք, բայց պղինձ ու մոլիբդեն ունենք: Հարկավոր է բնական պաշարների հարկերն ու տուրքերը ավելացնել և բյուջեն անմիջապես 30 տոկոսով կավելանա:

Ծառուկյանը քննադատեց կենսաթոշակային համակարգը՝ ասելով, որ մարդկանցից այսօր գումարներ են պահում, որպեսզի 40 տարի հետո նրանց թոշակ տան, մինչդեռ այդ ժամանակ դրամն արժեզրկված է լինելու:

Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձավ արագաչափերին ու «կարմիր գծերին»՝ ասելով, թե դրանք պետք է անմիջապես վերացնել: Ըստ նրա, Երևանի բնակչության 20-25 տոկոսը տաքսի վարելով է ընտանիք պահում և այսօր այդ տուգանքների պատճառով նյարդային վիճակում է հայտնվել․ - «Այսօր մեր ժողովուրդը արժանի չի, և վիրավորական է: Դա պետք է հանվի: Երբ էդ ժողովրդի աշխատավարձը կլինի երկու հազար դոլար, երեք հազար դոլար, հնարավոր է, կարելի է: Բայց այս պայմաններում դա պետք է անմիջապես հանվի»:

Գործարար պատգամավորը նաև անդրադարձավ գյուղացիների ծանր վիճակին, թե ինչպես են մարդիկ ցրտահարության պատճառով կորցնում բերքը՝ մնալով բարձր տոկոսադրույք ունեցող վարկերի տակ։ Ծառուկյանը շեշտեց, որ այս պահին 1 միլիոն 400 հազար վարկառու կա:

Ի դեպ, նա իր օրինակը բերեց, թե ինչպես է շատերի պարտքերը պարզապես ներել․ - «Եղել ա, ցրտահարվել ա, կարկտահարվել ա: Դիմել են՝ Ծառուկյանին ենք ուզում տեսնել: Գնացել եմ՝ ժողովուրդ ջան, ինչ կա: Պարոն Ծառուկյան ջան, էս տարի ցրտահարվել ա, շատ քիչ ա բերքը լինելու, եթե այդ գումարը փակենք, մեր երեխաները սոված կմնան: Ասել եմ՝ սիրելի ժողովուրդ ջան, դա ջնջում եմ, դա թող ձեզ նվեր լինի, ձեր երեխայի բերանից մի կտրեք»:

ԲՀԿ ղեկավարը նաև առաջարկեց մի քանի տարով հարկերից ազատել փոքր և միջին բիզնեսին, որպեսզի մարդիկ ոտքի կանգնելու հնարավորություն ունենան: Ծառուկյանը բերեց զարգացած ու հարուստ Դուբայի օրինակը․ - «25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց: Մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»:

Ծառուկյանը շեշտեց, որ եթե ինքն ու իր թիմը հաջողության հասնեն ընտրություններում, ապա յուրաքանչյուրն իր վրա զգալու է փոփոխությունը: ԲՀԿ ղեկավարն ասաց, թե չի եկել համոզելու կամ պարտադրելու մարդկանց իրեն ձայն տալ: Ավելին՝ դեմ է, երբ ընտրողին պարտադրում են այս կամ այն քաղաքական դիրքորոշումն ունենալ: Ծառուկյանը նկատեց, թե հիմա ընտրության հնարավորության կա, հետո մարդիկ չպետք է բողոքեն և իշխանափոխություն պահանջեն․ - «Որ ոչ մեկին չմեղադրեն, ասեն, թե մի ամիս, վեց ամիս հետո՝ պետք է իշխանափոխություն, եսիմ հեղափոխություն․․․ Հնարավորություն ա տրված, ամեն մարդու իրավունքն ա: Հանգիստ, խաղաղ գնացեք, ընտրությունը կատարեք»:

Նշենք, որ Ծառուկյանից բացի, ելույթ ունեցավ նաև Իշխան Զաքարյանը, ով երեկ հրաժարական տվեց Վերասհկիչ պալատի նախագահի պաշտոնից: Զաքարյանն ասաց, թե հեշտությամբ է գնացել այդ քալին, քանի որ դա արել է Գագիկ Ծառուկյանի համար․ - «Հրաժարականի դիմումը ինձ տրվել է հեշտությամբ, քանի որ իմ որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանի որոշումն էր՝ ակտիվորեն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Որպես մարդ, ես պետք է լինեի իմ 20 տարվա ընկերոջ և կուսակցական ընկերոջ կողքին»:

ԲՀԿ արդեն նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ գնում են հաղթելու․ - «Ծառուկյան դաշինքով սահմանելու ամենաբարձր նշաձողն ու գնալու հաղթանակի, որտեղ միակ հաղթողը լինելու է Հայաստանի քաղաքացին, Հայաստանն ու Արցախը»:

Ի դեպ, թեև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախապես ասել էր, թե այսօր համագործակցող մի քանի ուժերի միջև նախատեսվում էր հուշագրի ստորագրում, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինքը», սակայն այդպես էլ որևէ հուշագիր չստորագրվեց: Ավելին, այն քաղաքայան ուժերը, որոնք, ըստ նախապես արված հայտարարության, պետք է ստորագրեին համագործակցության փաստաղթուղթը, այսօրվա համագումարին ներկա չէին՝ բացառությամբ ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանի:

Թե ինչու այդպես էլ որևէ հուշագիր չստորագրվեց, ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարճ ձևակերպեց՝ կարևորը Ծառուկյանի վերադարձն էր․ - «Այո, հաղթելու համար դա բավական է: Ժողովրդի վստահության քվեն ստանալու համար Ծառուկյանի վերադարձը արդեն բավական է»:

Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք․ այսօր ԲՀԿ համագումարին ներկա էր իշխող Հանրապետկանի նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Նա, ըստ մամուլի, «Ծառուկյան դաշինիք» շրջանակերում մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ առաջադրվելով Արարատի մարզում:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե արդյոք կարող են առաջիկայում նաև իր հորը ՝ Հովիկ Աբրահամյանին տեսնել ԲՀԿ շարքերում, Արգամ Աբրահամյանն ասաց, թե իր հայրն անձամբ կխոսի այդ մասին:

ԲՀԿ համագումարին ներկա էր նաև նախկին ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով նույնպես «Ծառուկյան դաշինիքով» առաջադրվելու է Շիրակի մարզում:

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ Հանրապետականից նեղացած չէ: Հարցին, թե ինչն իրեն չգոհացրեց, որ դուրս եկավ ՀՀԿ-ից, Ղուկասյանն արձագանքեց․ - «Ճիշտն ասած, ես դուրս չեմ եկել, Հանրապետականն է ինձնից հեռացել»:

XS
SM
MD
LG