Մատչելիության հղումներ

2016-ին Հայաստանից արտահանողներին շուրջ 100 մլն դոլարի ԱԱՀ է վերադարձվել


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, նոյեմբեր, 2016թ․
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, նոյեմբեր, 2016թ․

2016 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49 միլիարդ դրամ գումար, ինչը 5 միլիարդով գերազանցում է 2015-ի և 11 միլիարդով` 2014-ի ցուցանիշները: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախորդ տարվա ընթացքում, ըստ հաղորդագրության, ԱԱՀ վերադարձվել է ավելի մեծ թվով տնտեսվարողների. 2016-ին այդ թիվը հասել է 138-ի, մինչդեռ 2015-ին և 2014-ին ԱԱՀ է վերադարձվել, համապատասխանաբար, 120 և 96 հարկ վճարողի: Նշվում է, որ վերջին 3 տարվա ընթացքում կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ի գումարը:

Տվյալ արտոնությունից օգտվում են բոլոր արտահանողները` առանց ոլորտային սահմանափակման: Սակայն, վիճակագրության համաձայն, ամենաակտիվը մթերող և արդյունաբերական կազմակերպություններն են:

ԱԱՀ-ն վերադարձնելու որոշումը կայացվում է դիմումատուների հարկային և մաքսային տվյալների ուսումնասիրման և համադրման արդյունքում: «Դիմումների ներկայացման առումով ևս սահմանափակում չկա. տարիներ առաջ արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով (առկայության պարագայում) կարող են դիմել հարկային մարմին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG