Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ փոխնախարար․ Ալիևի հայտարարությունը ձեռնոց է՝ նետված ՄԽ համանախագահներին


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պահպանումը «Ադրբեջանի ներքին գործն է»:

«Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը՝ շարունակելով․ - «Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ»:

Քոչարյանի խոսքով՝ «կա՛մ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կա՛մ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է»: Երկու դեպքն էլ, շեշտել է նա, ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը:

«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Շավարշ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG