Մատչելիության հղումներ

Սենատորները ցանկանում են սահմանափակել Թրամփի իրավունքները ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում


ԱՄՆ սենատորներ Ջոն ՄըքՔեյն (ձախից) և Լինդսի Գրեհեմ, արխիվ
ԱՄՆ սենատորներ Ջոն ՄըքՔեյն (ձախից) և Լինդսի Գրեհեմ, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսում մի խումբ սենատորներ օրինագիծ են դրել շրջանառության մեջ, որի նպատակն է սահմանափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքները: Այդ խմբի մեջ մտնում են թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների սենատորներ:

Օրինագծի համահեղինակներն են՝ հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնը և Մարկո Ռուբիոն, իսկ դեմոկրատներից՝ Քլեր ՄըքՔասկիլն ու Շերոդ Բրաունը։ Երկու կուսակցություններից էլ պաշտպանում են օրինագիծը, մասնավորապես, ճանաչված սենատորներ՝ հանրապետականներից՝ Լինդսի Գրեհեմը, դեմոկրատներից՝ Բեն Քարդինը:

Փետրվարի 8-ից շրջանառության մեջ դրված օրինագծի իմաստն այն է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումը կամ թուլացումը պետք է ստանա Կոնգրեսի համաձայնությունը:

Ըստ շրջանառության մեջ դրված օրինագծի, Թրամփը պետք է Կոնգրեսին նախօրոք տեղեկացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու իր պլանավորած քայլերի մասին և օրենսդիրներին չորս ամիս ժամանակ տա՝ քննարկելու Սպիտակ տան պլանի մանրամասները:

Այդ ժամանակահատվածում նախագահն իրավունք չի ունենա իր իշխանության ուժով վերացնել պատժամիջոցները, իսկ ժամկետի ավարտից հետո Սենատը հնարավորություն կունենա անհամաձայնություն հայտնել և արգելափակել նախագահի հրամանագիրը:

Օրինագիծը պաշտպանող հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է. - «Ես դեմ եմ, որ պատժամիջոցները վերացնելը նվեր մատուցվի Ռուսաստանին: Ռուսաստանը պետք է վաստակի դա: Իսկ այսօրվա դրությամբ, նկատի ունենալով Կրեմլի թշնամական գործողությունները մեր բարեկամների հանդեպ, պատժամիջոցների վերացումը տեղին չի լինի»:

Օրինագիծը նաև ենթադրում է, որ ԱՄՆ-ի նախագահը մինչ պատժամիջոցները հանելը պետք է համոզված լինի, որ Ռուսաստանը դադարեցրել է աջակցությունը ռուսամետ անջատականներին, ինչպես նաև Ուկրաինայի կայունությունը ցանկացած այլ կերպ խարխլելու փորձերը:

Շրջանառության մեջ դրված փաստաթղթում ևս մեկ պայման է նշված՝ ամերիկյան հաստատությունների և քաղաքացիների դեմ հաքերային հարձակումների դադարեցում։

Օրինագիծը, որը կոչվում է «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման ակտ», պետք է քննարկվի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Քննարկման ժամկետը դեռևս որոշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG