Մատչելիության հղումներ

Պուտինը զանգահարել է Էրդողանին և ցավակցել թուրք զինվորների մահվան կապակցությամբ


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ռուսական ռազմական ինքնաթիռի իրականացրած հարվածների հետևանքով երեք թուրք զինծառայող է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել։

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ երեկ առավոտյան ռուսական օդուժը պատահաբար հարվածել է «Եփրատի վահան» ռազմական գործողության իրականացման տարածքում գտնվող մի շինությանը, որտեղ թուրք զինվորներ են գտնվել։

Ռուս պաշտոնյաները, հայտնելով, որ հարվածի կոորդինատների մեջ սխալմունք է եղել, իրենց ցավակցություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

«Դեպքի առիթով երկկողմանի ուսումնասիրություններ և աշխատանքներ են տարվում», - ասված է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունում նշվում է, որ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում հինգ թուրք զինվորի մահվան պատճառ դարձած ողբերգական միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու ցավակցություն հայտնել գործընկերոջը։

Կրեմլի հաղորդմամբ, երկու առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացիան Սիրիայում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական կազմակերպությունների դեմ տարվող ռազմական գործողությունների գծով։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի՝ Վալերի Գերասիմովի հետ։ Վերջինս Աքարին ցավակցություն է հայտնել թուրք զինծառայողների մահվան առիթով։

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում ռազմական գործողությունների կոորդինացիան ավելացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման մասին։

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ են իրականացնում՝ պայքարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Սակայն երկու երկրների շահերը, ըստ էության, չեն համընկնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցում։

Ռուսաստանը աջակցում է Ասադին հավատարիմ ուժերին, իսկ Թուրքիան սատարում Սիրիայում իշխանափոխության ձգտող չափավոր ընդդիմադիր խմբավորումներին։

2015-ի նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայում խոցել էին ռուսական ռազմական ինքնաթիռը՝ պնդելով, թե այն հատել է թուրք-սիրիական սահմանը։ Այս միջադեպը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում երկարատև ճգնաժամի պատճառ էր դարձել։

XS
SM
MD
LG