Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր՝ Կառավարության շենքի առջև


Երևան, Հանրապետության հրապարակ, 9-ը հունվարի, 2017 թ․

Երևան, Հանրապետության հրապարակ, 9-ը հունվարի, 2017 թ․

Գործադիրի վարչական շենքի առջև պարբերաբար բողոքի ցույցեր անող քաղաքացիների խմբերին այսօր ևս մեկ խումբ էր ավելացել: Երևանի Արցախի փողոցի 10-րդ վթարային հանրակացարանի բնակիչներն էին, որոնք Հանրապետության հրապարակ էին եկել իրենց վերաբնակեցնելու պահանջով։

4-րդ կարգի վթարային այդ շենքում մարդիկ ապրում են սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում։ Մինչ այժմ բողոքի բազմաթիվ միջոցների են դիմել և արդյունք չունենալով՝ ի վերջո որոշել են անմիջապես վարչապետին ներկայացրել իրենց խնդիրները։

«Մեր տները հիմա արդեն լրիվ փլուզվում են։ Հենց հիմա հետևի շենքի համար հոսանք են քաշում, տրակտորն աշխատում է, մեր շենքը փլվում ա․ համ քարերն են թափում, համ տանը նստած դղրդում ենք: Անձրևն էլ գլխներիս ա թափվում», - ասում է բնակիչներից մեկը: Ցուցարարները փորձեցին զրուցել Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հետ, սակայն դա նրանց չհաջողվեց։

Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն «Ազատությանն» ասել էր, որ Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակիչներին կվերաբնակեցնեն, հավանաբար, 2018 թվականի ավարտին:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատողներն այսօր ևս, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության շենքի առջև էին․ պահանջում էին վերագործարկել երբեմնի քիմիական հսկան: Վերջիններս ահազանգում են՝ գործարանը սնանկ ճանաչելու գործընթացը դեռ չավարտված, «այն սկսել են արդեն թալանել»։

Մեկ այլ խումբ էլ՝ բաղկացած Բյուրեղավանի «Գլաս վորդ» ապակու գործարանի շուրջ 60 աշխատակիցներից, արդեն 2 տարի է պայքարում են 6 ամիս չվճարված աշխատավարձերի համար։ Գործարանի ղեկավարության պատասխանը, ըստ նրանց, նույն է՝ փող չկա։ «Ոչ մի բան էլ չեն պատճառաբանում, ասում են՝ փող չկա։ Փող լինի, կտանք»:

Այս պատճառաբանությանը նրանք այսպես են հակադարձում՝ ««Գլաս վորդ»-ը կարողանում է կից հյուրանոց պահել, կարողանում է մեքենաների պարկ պահել, գույքահարկ, ԱՊՊԱ և այլն։ Այսինքն՝ «Բենտլի»-ի ԱՊՊԱ-ն ինչքա՞ն կլինի՝ ամեն մեկիս աշխատավարձի չափ։ Թող կառավարությունը հաձնաժողով ստեղծի, որ այդ գումարը տեսնեն որտեղ է ծախսվում։ Թե չէ՝ միշտ էլ կարող են ուտել այդ գումարը, ու ասեն՝ փող չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG