Մատչելիության հղումներ

Քրգործ՝ մանկատների շրջանավարտներին պետական աջակցության ծրագրում չարաշահման փաստով


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում կատարված ուսումնասիրության արդյունքներով:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ ծրագրի շրջանակում 2005 թվականի նոյեմբերի 22-ին և 2006-ի դեկտեմբերի 5-ին ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37 միլիոն 399 հազար 800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին հանձնաժողովի կողմից կատարված գույքագրումներով արձանագրվել է, որ 18.127.800 դրամ արժողությամբ կահույքը 01.09.2011թ. դրությամբ դեռևս ի պահ է տրված նշված ԱՁ-ին, սակայն նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել պահատվության պայմանագրերով տրված գույքը պահանջելու և պահառուների կողմից գույքի հանձնումը ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները հաշվարկելու և գանձելու ուղղությամբ: Փոխարենը, նախարարության կողմից առանց որևէ հիմնավորման 23.12.2013թ. և 19.07.2014թ. համաձայնագրեր են կնքվել պահատվության պայմանագրերի հետ առնչություն չունեցող երրորդ անձի հետ, որոնցով վերջինս պարտավորվել է ընկերությանը և ԱՁ-ին վստահված գույքից՝ 11.258.800 դրամի գույքը մինչև 30.09.2014թ. հանձնել նախարարությանը, սակայն գույքը նախարարությանը չի հանձնվել: Արդյունքում կատարվել է 2011թ. գույքագրմամբ փաստագրված գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»), և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG