Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:

Հրաժարվելով այդ պաշտոնից՝ Զաքարյանը կղեկավարի «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ Զաքարյանը ցանկություն է հայտնել կանգնել իր ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին:

Տոնոյան. - Այո, Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ստանձնելու է «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը և իրականացնելու է վերապահված բոլոր գործառույթները՝ կազմակերպչական և բոլոր մնացած այն գործառույթները, որոնք որ սահմանված են նախընտրական շտաբի ղեկավարի համար։ Ավելի վաղ, իհարկե, Իշխան Զաքարյանն ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկն է և լինելու է իր ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին։ Այսօր իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը՝ նշելով, որ դա իր բարոյական և քաղաքական պարտքն է։

«Ազատություն». - Նա կրկին կվերադառնա՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։

Տոնոյան. - Առիթ չի եղել պարոն Զաքարյանի հետ այդ թեմայով խոսելու։

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ նա ղեկավարելու է «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբը` կարո՞ղ ենք ասել, որ նաև նա ներգրավված կլինի նախընտրական ցուցակում այդ դաշինքի։

Տոնոյան. - Ընդամենը մի քանի օր է մնացել նախընտրական ցուցակների վերջնական կազմման և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու գործընթացին, խորհուրդ կտամ ընդամենը մի քանի օր դիմանալ, և կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Նշենք, որ մինչև հրաժարականի դիմումը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում էր արձակուրդում՝ ըստ էության, ոչ պաշտոնապես համակարգելով «Ծառուկյան դաշինք»-ի շտաբի աշխատանքները:

Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շտապեց շնորհակալություն հայտնել Զաքարյանին՝ տասը տարվա աշխատանքի համար:

«Ես կարծում եմ, որ մենք պիտի ունենանք և մշակենք քաղաքակիրթ ավանդույթ՝ շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, այն պաշտոնյաներին, ում ընտրում է Ազգային ժողովը, երկար տարիների համագործակցության և համատեղ աշխատանքի համար», - ասաց Զոհրաբյանը։

Հերմինե Նաղդալյանն էլ հակադարձեց, թե նախևառաջ քաղաքակիրթ մշակույթ ունենալու համար պետք է հարգել օրենքը, իսկ, ըստ օրենքի, Զաքարյանը 15 օր ժամանակ ունի, և եթե մինչև այդ դիմումը հետ չվերցնի, ապա միայն այդ դեպքում հրաժարականը ընդունված կհամարվի:

Նշենք, որ վաղը կայանալու է «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարը, որտեղ կրկին կուսակցության ղեկավար կընտրվի Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք․ Սերժ Սարգսյանի հետ սուր հակասություններից և փոխադարձ վիրավորանքներից հետո, 2015 թվականին Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ԲՀԿ նախագահի պաշտոնը: Երկու տարի անց քաղաքականության էջը բացելուց հետո Ծառուկյանը փաստորեն կրկին կղեկավարի «Բարգավաճ Հայաստանը»:

Սակայն վաղվա համագումարի թերևս ամենաինտրիգային հարցը «Ծառուկյան դաշինիքի» ձևավորումն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ծառուկյանի խոսնակը, համագումարի օրը մի քանի քաղաքական ուժեր համագործակացության հուշագիր են ստորագրելու, որի հիման վրա էլ ստեղծվելու է դաշինքը: Սակայն այս հարցում առայժմ հստակություն չկա, և պարզ չէ, թե նախապես հայտարարված ուժերից քանիսը կմիանան դաշինքին և ընդհանրապես հուշագրի ստորագրումը կկայանա՞, թե՞ ոչ:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ գոնե չորս ուժի միջև այդ դաշինքը կստեղծվի:

Իվետա Տոնոյան․ - Ես որևէ բան այս պահին պաշտոնապես չեմ կարող ասել դաշինքի հետ համագործակցող ուժերի մասնակցության և ձևաչափի մասին: Վաղը հստակ կլինի, թե ինչ ձևաչափով և ինչպես է տեղի ունենալու հետագա աշխատանքները:

«Ազատություն»․ - Նախատեսվո՞ւմ է նաև Գագիկ Ծառուկյանի ելույթը։

Իվետա Տոնոյան․ - Այո, իհարկե:

XS
SM
MD
LG