Մատչելիության հղումներ

Հունգարացի ոստիկանները թուրք վարորդի բեռնատարում Ուրարտուի հնություններ են հայտնաբերել


Ուրարտուի Արգիշտի առաջին թագավորի դիմաքանդակը

Ուրարտուի Արգիշտի առաջին թագավորի դիմաքանդակը

Հունգարիայի ոստիկանությունը ենթադրաբար Վանի թագավորության՝ Ուրարտուի բարձրաստիճան զինվորականի դամբարանից դուրս բերված բրոնզե սաղավարտ, զանգեր և այլ հնություններ է հայտնաբերել դեպի Լիտվա ուղևորվող բեռնատարում: Ոստիկանությունը հայտարարել է, որ դրանց ընդհանուր արժեքը մոտ 690 հազար դոլար է:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բեռնատարի 50-ամյա թուրք վարորդը պնդել է, թե Ստամբուլում մի մարդ իրեն 300 եվրո էր վճարել այդ իրերը Լեհաստան տեղափոխելու համար: Ոստիկանությունն առաջարկել է գողոնն ընդունելու մեղադրանք առաջադրել վարորդին:

Հնությունները, ընդհանուր թվով՝ 115 հատ, հունգարացի իրավապահները հայտնաբերել են դեռ անցած տարվա սեպտեմբերին՝ բեռնատարի սովորական ստուգման ժամանակ: Դրանց թվում եղել են նաև հին հռոմեական ոսկեդրամներ, հին պարսկական, շումերական, ասորական և այլ մշակույթների առարկաներ: Այդ իրերից ոչ մեկը որևէ թանգարանի կամ մասնավոր հավաքածուի մաս չի կազմել:

Բռնագրավված հնությունները, որոնք, ինչպես ենթադրում են փորձագետները, մ․թ․ա․ 900 թվականի են, այժմ պահպանվում են Բուդապեշտի Գեղարվեստի թանգարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG