Մատչելիության հղումներ

Թաթոյանը Բրյուսելում հանդիպել է 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցները հրավիրվել էին Հայաստանի օմբուդսմենի հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար:

Թաթոյանը հանդիպմանը նեկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումները: Հատուկ ընդգծվել է, որ նոր օրենքը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանում օմբուդսմենի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Քննարկվել է նաև մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում:

Թաթոյանը կարևորել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ:

Հանդիպմանը մանրամասն քննարկվել են նաև հանդիպումներին Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության ու դեպի Ղարաբաղ այցերին վերաբերող հարցեր:

Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ օմբուդսմենի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի Բաքվի պլատֆորմի մասին, Թաթոյանը պատասխանել է, որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են:

Ըստ օմբուդսմենի, Ադրբեջանում այնքան մեծ է հայերի նկատմամբ ատելության մակարդակը, որ չի կարող լինել իրական պլատֆորմ հենց Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով՝ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ սկզբունքային դիրքորոշում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով քննարկումներին պետք է բացառապես մասնակցի ԼՂ օմբուդսմենը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ:

ՀՀ օմբուդսմենը կարևորել է լրագրողների աշխատանքը Ղարաբաղում և նշել, որ հիմա է՛լ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ակտիվանան այցերը ԼՂ: Օմբուդսմենը ևս մեկ անգամ կարևորել է այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում, և Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:

Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին, և պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով ու շարունակել նմանատիպ քննարկումները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG