Մատչելիության հղումներ

Նավասարդյան. Բելառուսի հետ կան առանձնահատուկ խնդիրներ, որոնց պետք է նաև Հայաստանը ուշադրություն դարձնի


«Գիտեք, եթե Դուք ինձ հարցնեիք մինչև դեկտեմբերի 25-ը՝ արդյո՞ք հնարավոր է, որ որևէ երկրի քաղաքացի Ղարաբաղ այցելելու համար ձերբակալվի Բելառուսում, ես բնականաբար կասեի ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինը անցած տարեվերջին Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալվեց՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: Երեքշաբթի երեկոյան՝ փետրվարի 7-ին Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին:

Նավասարդյանն այս դեպքն անսպասելի է որակում՝ «նույնիսկ հաշվի առնելով Լապշինի գործի առանձնահատկությունը, որ ինքն արդեն Ղարաբաղ այցելելուց հետո և ընկնելով «սև ցուցակ», փաստորեն, ապօրինի՝ լինելով «սև ցուցակում», մուտք է գործել Ադրբեջան այլ անձնագրով՝ կապ չունի, թե ինչ երկրի անձնագրով, ուղղակի իրեն չեն նույնականացրել սահմանում, թե չէ ինքը չէր կարողանալու մտնել երկիր, ինքն իրոք Ադրբեջանի օրենքները խախտել է, այդ առումով՝ իր դեպքն առանձնահատուկ է և տարբերվում է այլ մարդկանցից, որոնք էլի «սև ցուցակում» են, բայց, «սև ցուցակում» լինելով, այլևս Ադրբեջան չեն փորձում գնալ տարբեր եղանակներով՝ անունը փոխելով և այլն»։

ԵՄԱ նախագահն ասաց, որ զգուշացրել է Բելառուսի գործընկերներին, ում հետ առնչվել են այս շաբաթների ընթացքում, որպեսզի նրանք հնարավորինս միջամտեն Լապշինի գործում։ «Եվ հաջողվել է՝ և՛ լրատվամիջոցները սկսեցին մեր ջանքերից հետո լուսաբանել այդ խնդիրը, և՛ քաղաքացիական հասարակությունը հարցեր բարձրացրեց իրենց իշխանական կառույցների նկատմամբ։ Ես ասել եմ, որ ես ինքս կորոշեմ, եթե դուք ինձ հրավիրեք, բայց ես որևէ մեկին չեմ կարող պատվիրակել Հայաստանից, որպեսզի գնա Բելառուս», - նշեց Նավասարդյանը։

«Այսինքն, Դուք էլ ունեք այդ մտահոգությունը», - «Ազատության» այս դիտարկմանը ԵՄԱ նախագահն արձագանքեց. - «Անկախ նրանից, թե ինչքանով է դա հավանական, ես ինձ վրա այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի, որովհետև վերջին ժամանակներում այնքան անսպասելի բաներ են կատարվում աշխարհում և առավել ևս այնպիսի երկրում, ինչպիսին Բելառուսն է, որը շատ առումներով միջազգային նորմերի շրջանակներում չի գործում։ Ասենք, եթե նույն կարգի գործ լիներ մի երկրում, որը հաշվետու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առջև, հաստատ իշխանություններն այդ քայլին չէին գնալու, որովհետև հաստատ Եվրոպական դատարանում պարտվելու էին։ Բելառուսը, փաստորեն, ունենալով խնդիրներ Եվրոպայի խորհրդում անդամակցության հետ, նաև չի ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին՝ և՛ մահապատիժ կա այնտեղ, և՛ այլ խնդիրներ... Այսինքն, այո, այդ երկրի հետ կան շատ առանձնահատուկ խնդիրներ, որոնց վրա պիտի ուշադրություն դարձնեն բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG