Մատչելիության հղումներ

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ցուցադրաբար կալանավորելու համար:

«Հիասթափված եմ: Բլոգեր/լրագրողին բանտ են ուղեկցում ասես վտանգավոր հանցագործի», - իր Թվիթերի էջում գրել է Միյատովիչը: - «Խոսքի ազատությունը պետք է հաղթանակ տանի ԵԱՀԿ-ի տարածաշրջանում»:

​Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը տեղափոխվեց Բաքու երեքշաբթի երեկոյան՝ Ադրբեջանի պահանջով Մինսկում երկու ամիս կալանավորվելուց հետո, մինչ բլոգերը փորձում էր դատական կարգով վիճարկել արտահանձնման որոշումը: Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին, չնայած Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի քննադատությանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հակադարձել է այդ քննադատություններին: - «Ես զարմացած և վրդովված եմ այս հարցի ավելորդ քաղաքականացումից», - РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանական ԱԳՆ ղեկավարը: - «Նրան անընդհատ անվանում բլոգեր: Ի՞նչ է, եթե նա ճարտարագետ լիներ, նրա նկատմամբ որևէ հետաքրքրություն չէի՞ն ցուցաբերելու», - հարցրել է նա, հավելելով, թե Լապշինը պետք է դատարանի առաջ կանգնի, քանի որ օրենք է խախտել:

Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG