Մատչելիության հղումներ

Նաղդալյան՝ Նախկին վարչապետը ՀՀԿ-ի «ժամանակավոր ուղեկիցն էր», որն այնտեղ էր «անձնական շահերի» համար


Հերմինե Նաղդալյան, արխիվ
Հերմինե Նաղդալյան, արխիվ

Լրագրողների հետ զրույցում Աժ փոխնախագահն այսօր անդրադարձավ նաև «փառքով օծված» Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությանը, ցավ հայտնելով, որ նա այլևս «գերագույն հրամանատարի կողքին չէ»: Հերմինե Նաղդալյանն, այդուհանդերձ, հույս ունի, որ Օհանյանը «չի գնա բախտախնդրության ճանապարհով»:

Ազգային Ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը չի համարում, որ Հովիկ Աբրահամյանի՝ իշխող ՀՀկ-ից հեռանալով կուսակցությունը կորցրել է ազդեցությունն ու թուլացել է: «Ես նրանց ոչ էլ աբիժնիկ կամ դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ դրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված իրենց անձնական շահերով, ձգտումներով, խնդիրներով»,- այսօր խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահն, այդուհանդերձ, ցավ է զգում, որ «հանրապետության նախագահի այդքան մեծ վստահությունից հետ, մեր երկրում այսքան մեծ, կարևոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»:

«Հիմա, երբ նախագահի, մեր կուսակցության ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական արմատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուրը պետք է հանդես գա գաղափարական-քաղաքական իր ողջ կարողությամբ ու նվիրվածությամբ: Եվ այս պարագաներում, կարծում եմ, որ կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության, կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:

Վերջինս անգամ չի համարում, որ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ի ազդեցությունը նվազել է Արարատի մարզում: «Այնտեղ մենք ունենք մեծ և մարտունակ կուսակցական թիմ, որը շարունակում է աշխատել ինչպես նախկինում»,- ասաց ԱԺ հանրապետական փոխնախագահը:

Նաղդալյանն անրադարձավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին շրջանի գործունեությանը, մասնավորապես, նշելով՝ «Փառքով օծված մեր զորահրամանատարը, մեր նախկին գործընկերը, այսօր փորձում է իրեն գտնել այլ աշխատանքում, այլ ոլորտում: Մեզ մնում է հաջողություն ցանկանալ իրեն: Ես մեկ անգամ ևս պիտի ցավ հայտնեմ, որ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերոջ՝ գերագույն հրամանատարի կողքին չէ»:

Նաղդալյանի կարծիքով, Սեյրան Օհանյանը «դեռ ժողովրդին ծառայություն է մատուցելու»: «Հույս ունեմ, որ նա չի գնա բախտախնդրության ճանապարհով»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG