Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտպանում է միգրացիոն հրամանագիրը, քննադատում «քաղաքականացված» դատարաններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր միգրացիոն հրամանագիրը, նշելով, որ այն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար: Երկրի իրավապահներին ուղղված ելույթում նա նաև մեղադրել է ամերիկյան դատարաններին «քաղաքականացված» լինելու համար:

«Ես չէի ուզենա որևէ դատարանի մեղադրել կողմնակալ լինելու մեջ, այդ իսկ պատճառով չեմ ասի, որ այն կողմնակալ է», - նշել է Թրամփը: - «Բացի այդ, մենք դեռ դատավճիռ չունենք: Բայց դատարանները այնքա՜ն քաղաքականացված են թվում: Մեր արդարադատության համակարգի համար լավ կլիներ, որ նրանք ճիշտ վճիռ կայացնեին: Որովհետև դրանից կախված է մեր երկրի անվտանգությունը»:

Թրամփը այս հայտարարություններն անում է ներգաղթը սահմանափակելու և փախստականների մուտքը ԱՄՆ կասեցնելու՝ իր հրամանագրի շուրջ ծավալված դատական գործընթացի ֆոնին:

Սպիտակ տան վարչակազմը, ինչպես նաև Մինեսոտա ու Վաշինգտոն նահանգների ներկայացուցիչները դաշնային Վերաքննիչ դատարանին են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Թրամփի հրամանագրի հետ: Սան Ֆրանցիսկոյի դատարանը խոստանում է վճիռը հրապարակել հնարավորինս շուտ:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագրերից մեկով 90 օրով արգելափակեց 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը Ամերիկա, 120 օրով դադարեցրեց փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցրեց սիրիացի փախստականների ներգաղթը: Հրամանագիրը, սակայն, գործեց ընդամենը մեկ շաբաթ՝ Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարթի վճռով այն սառեցվեց. դատավորը հայտարարեց, թե Թրամփի հրամանագիրն իր մեջ հակասահմանադրական դրույթներ է պարունակում՝ մասնավորապես կրոնական խտրականության տեսանկյունից:

Այս վճռի դեմ այնուհետև Թրամփի վարչակազմի անունից վերաքննիչ հայց էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը:

Վերաքննիչ դատարանը այժմ պետք է հստակեցնի՝ արդյո՞ք Սիեթլի դատարանի վճիռը, որով կասեցվել է Թրամփի հրամանագրի իրականացումը, մնում է ուժի մեջ, թե՞ այն լիովին համապատասխանում է ամերիկյան սահմանադրությանը, և միգրացիոն քաղաքականությունը խստացնելու՝ նորընտիր նախագահի նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել:

Հրամանագիրը վիճարկող Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազության տեսանկյունից, եթե այն ուժի մեջ մտնի, երկրում քաոս կառաջանա՝ ընտանիքներ կարող են բաժանվել, մահմեդական երկրներից սերող ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժը կարող է սահմանափակվել, ինչը բացասական կանդրադառնա նահանգի վրա:

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ Սպիտակ տան ղեկավարը երկրի անվտանգության համար ռիսկեր է տեսնում գործող միգրացիոն կարգում և մտադիր է ժամանակավորապես արգելել արտասահմանցիների որոշակի խմբերի մուտքը, որպեսզի հնարավորություն ունենա վերանայելու վիզաների տրամադրման գործընթացը:

Ամերիկայի արդարադատության նախարարությունը պնդում է որ Ամերիկայի նախագահը լիովին իրավասու է պայմաններ սահմանելու արտասահմանցիների մուտքի հետ կապված, քանի որ նա գործում է հանուն երկրի անվտանգության: Արդարադատության նախարարությունը լսումների ընթացքում նաև շեշտեց, որ Թրամփը նորամուծություն չի անում, և որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն էլ է անվտանգության միջոցներ ձեռնարկել յոթ երկրների նկատմամբ:

Կառավարության ներկայացուցիչը, սակայն, դատարանում դժվարացավ պատասխանել դատավորների հարցին, թե արդյոք ունեն նոր տվյալներ՝ այդ յոթ երկրներից բխող ահաբեկչության վտանգի մասին:

Վերաքննիչը խոստացել է հնարավորինս կարճ ժամկետներում վճիռ կայացնել, սակայն փորձագետների կանխատեսումների համաձայն, չի բացառվում, որ հարցը հասնի մինչև Գերագույն դատարան․ եթե վերաքննիչը կառավարության օգտին վճիռ չկայացնի, ապա Սպիտակ տունը մտադիր է հարցը վիճարկել բարձրագույն ատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG