Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները իրենց առաջին հեռախոսազրույցում, բացի երկկողմ հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցերից, քննարկել նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Թրամփի և Էրդողանի՝ շուրջ 45 րոպե տևած զրույցն անցել է «դրական և անկեղծ մթնոլորտում»:

Թուրքիայի նախագահը հաջողություն է մաղթել ամերիկացի պաշտոնակցին՝ ընդգծելով երկու երկրների դաշնակցային ու բարեկամական կապը: Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իրենք աջակցում են ռազմավարական գործըներ և ՆԱՏՕ֊ի գծով դաշնակից Թուրքիային: Դոնալդ Թրամփը գնահատել է Թուրքիայի դերը «Իսլամական պետության» դեմ պայքարում: Նաև ընդգծել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում ավելի սերտորեն համագործակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները նաև վերահաստատել են ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու՝ իրենց երկրների պատրաստակամությունը:

Միևնույն ժամանակ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահին հիշեցրել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ հույս հայտնելով, որ ամերիկյան նոր ղեկավարությունը «Թուրքիայի կողքին կլինի գյուլենական շարժման դեմ պայքարի հարցում»:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր աջակցությունը Սիրիայի Ժողովրդավարական միություն կուսակցությունն ու ժողովրդի պաշտպանության ուժերին:

Երկու նախագահները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել:

Իսկ առայժմ Թուրքիայում սպասում են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի այցին: Պոմպեոն վաղը առաջին օտարերկրյա այցով կժամանի Թուրքիա:

«Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ ծրագրված են Պոմպեոյի հանդիպումները թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվելու են թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ գյուլենականների դեմ պայքարը:

XS
SM
MD
LG