Մատչելիության հղումներ

Բելառուսում ՀՀ դեսպան՝ Ես ոչինչ չէի կարող անել


Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Խաչատրյանը, հակադարձելով, իր բնորոշմամբ, «նման խնդիրներում ոչ կոմպետենտ մարդկանց» մեղադրանքներին, մասնավորապես, ասաց՝ «Դեսպանատունը սույն պարագայում ոչինչ չէր կարող անել, բացի [Բելառուսի] արտգործնախարարությունում հարցը բարձրացնելուց և Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց»:

Այս համատեքստում Բելառուսում Հայաստանի դեսպանը հետևյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում՝ անգամ Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի արտգործնախարարը, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան կանխել իրենց երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողին Բաքվին հանձնելը, «մեր դեսպանատունն ի՞նչ կարող էր անել»: «Չեմ ուզում այժմ հեռախոսով շատ բաներ ասել, բայց այս երկիրը [Բելառուսը] դուք լավ ճանաչում եք»,- հավելեց դեսպանը:

Արմեն Խաչատրյանը նաև ասաց, որ թեև ինքը Բելառուսի պատկան կառույցներին ներկայացրել է Լապշինին Ադրբեջանին փոխանցելու հնարավոր հետևանքները՝ օրինակ բերելով տարիներ առաջ Հունգարիայում հայ սպայի դաժան սպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, իրեն ոչինչ չեն պատասխանել:

Եվ այնուամենայնիվ, չնայած լապշինի հարցում Մինսկի դրսևորած վարքագծին, Խաչատրյանը ճիշտ չի համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը: «Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել»,- «Ազատության» հետ զրույցում, ասաց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG