Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը պահանջել է «Սասնա ծռերի» անդամի բժշկական փաստաթղթերը


Beslan, North Ossetia (Russia), in September 2004, in Strasbourg, October 14, 2014

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանից պահանջել է Ստրասբուրգ ուղարկել ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի բժշկական բոլոր փաստաթղթերը:

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Հարությունյանը պահվում է Նուբարաշենի բանտում։

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ դիմել էր Եվրոպական դատարան՝ խնդրելով միջամտել՝ իր պաշտպանյալին տեղափոխելու քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի վիրահատվի նրա ոտքը․ - «Բացի դա, նաև պահանջ էր ներկայացվել կալանքը վերացնելու մասով, քանի որ արդեն իսկ ունեի վճռաբեկ դատարանի կողմից նախնական կալանքի վերաբերյալ վարույթ չընդունելու մասին որոշում, այդ իսկ պատճառով նաև կալանքը ներառեցի այդ գանգատիս մեջ»:

Հովհաննես Հարությունյանը և «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս անդամները կես տարի առաջ իշխանափոխության պահանջով գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Նա, ինչպես նաև զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն, առաջինն էին, որ դուրս բերվեցին գնդի տարածքից ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։

Ոստիկանությունն այդ ժամանակ հաղորդել էր, որ նրանք ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով փորձել էին շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել էր շղթային, ինչից հետո իրավապահները կրակ էին բացել մեքենայի շարժիչի, անվադողերի ուղղությամբ։ Երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել էին հիվանդանոց։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամը մի քանի ամիս դատապարտյալների հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։ Նա մեղադրվում է շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։ Փաստաբանը պնդում է, որ քանի դեռ իր պաշտպանյալը գտնվում է ոչ բարենպաստ պայմաններով հայտնի Նուբարաշենի բանտում, լիովին ապաքինվելու հնարավորություն չունի․ - «Տասնութ բեկոր կա, օտար մասնիկ կա աջ ոտքի մեջ: Այս պահին նրա ոտքը այտուցված է: Երեկ եմ տեսակցել, և գրեթե չէր կարողանում քայլել, հենակի կարիք էր զգացվում արդեն: Հենակ չունի: Մի կերպ աստիճանները իջավ»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց, որ Հովհաննես Հարությունյանի վիճակը բավարար է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ղլեչյանն ասաց, որ քանի դեռ բժիշկները հարկ չեն համարում վիրահատել նրան, նա կմնա բանտում․ - «Պաշտոնապես ասում եմ այսպես՝ բժիշկները երբ որ նպատակահարմար կգտնեն, իհարկե կվիրահատեն»:

Փաստաբանին, սակայն, պաշտոնական մեկնաբանությունը հավատ չի ներշնչում: Նա պատմում է, որ պաշտպանյալի փաստաթղթերն ուղարկել է Նիդերլանդներ, որտեղից մասնագետները նշել են, թե նա, իսկապես վիրահատության կարիք ունի։ Իսկ այստեղի բժիշկները, ինչպես ասում է փաստաբանը, եզրահանգել են, որ անշարժացված վիճակում էլ ոտքի վիճակը կլավանա, բավարար է միայն վարժություններ կատարելը։

«Բժշկական կոնսիլիում տեղի ունեցավ, և նշեցին, որ ինչ-որ ատրոֆիա է առաջացել ոտքի հետ կապված, բայց դա առաջացել է ընդամենը ոտքը անշարժացնելու հետևանքով: Իրենք ասել էին, որ պիտի արշարժացվի, հետո իրենք էլ ասում են, որ պատճառը անշարժացնելն էր», - տարակուսում է փաստաբանը:

Հովհաննեսի մայրը՝ Լաուրա Հարությունյանն ամեն օր Նուբարաշենի բանտ է գնում՝ որդուց տեղեկություններ ստանալու համար։ Նախաքննական մարմնի որոշմամբ, տեսակցությունները նրա հետ արգելված են։ Մայրը փորձում է բանտի աշխատողներից և բժիշկներից տեղեկություններ իմանալ որդու մասին: Բայց դա ոչ ամեն օր է հաջողվում․ - «Էսօր բժշկին ընդհանրապես չեմ տեսել: Հանձնաժողով ա: Ոչ մեկին չկարողացա տեսնել»:

Իսկ Արդարադատության նախարարի խորհրդական Գոհար Պողոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրում ստացել է, և որ իրենք սահմանված ժամկետում՝ մինչև փետրվարի 15-ը, պատասխան կուղարկեն Ստրասբուրգ։

Այլ մանրամասներ Պողոսյանը չհաղորդեց:

XS
SM
MD
LG