Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնել Լապշինին արտահանձնելու կապակցությամբ


Ռուսական կողմն իր խորը հիասթափությունն է հայտնել բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու՝ Բելառուսի երեկվա որոշման առնչությամբ:

Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության, այդ որոշումը հակասում է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։ - «Մենք մտադիր ենք և պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք մեր քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Իսրայելի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լապշինի գործով զարգացումներին և դիվանագիտական և հյուպատոսական աղբյուրներով կապի մեջ է բոլոր ներգրավված կողմերի հետ։

Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան РИА Новости գործակալությանն ասել է, որ իսրայելական և ռուսաստանյան դիվանագետները աշխատում են Լապշինի հետ կապ հաստատելու ուղղությամբ:

Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու թեմային անդրադարձել են ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները, ինչպես նաև բրիտանական BBC-ն , գերմանական Deutsche Welle-ն։ BBC-ի հոդվածը, մասնավորապես, վերնագրված է՝ «Բլոգերին ձերբակալել են գոյություն չունեցող երկիր այցելելու համար»։

Միջազգային մամուլը նկատում է, որ արտահանձնումը շատ արագ կազմակերպվեց։ Հիշեցնենք՝ երեկ Բելառուսի գերագույն դատարանը մերժեց բլոգեր Լապշինի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին՝ ավելի վաղ կայացված որոշումները, իսկ երեկոյան բլոգերն արդեն Բաքվում էր։ Ընդ որում, մինչ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին Բաքվում ինքնաթիռից իրավապահների ուղեկցությամբ իջնող Լապշինի լուսանկարները, ռուսական կողմը պնդում էր, որ նա դեռ Միսնկում է։

Ռուսաստանցի քաղաքագետ Դենիս Դվորնիկովը չի կարծում, թե Լապշինի արտահանձնման դեպքը կարող է նախադեպ դառնալ: Ավելին՝ «Ազատության» հետ զրույցում նա հայտնեց, որ փետրվարի 20-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը, որպես դիտորդ այցելելու է Լեռնային Ղարաբաղ և առաջարկելու է մյուս դիտորդներին Ղարաբաղից հետո միասին մեկնել Մինսկ և ղարաբաղյան պար պարել նախագահական պալատի առջև:

Դվորնիկովի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի պատճառով Ռուսաստանը կորցնում է իր դեմքը: - «Հունիսի 9-ից ադրբեջանական բանտում է Ռուսաստան քաղաքացի Մարադ Ուելդանով-Գալուստյանը։ Ինչպես Բաքվում ծնված Ռուսաստանի քաղաքացի Մարատի հարազատներն են պնդում, նրան ձերբակալել են և ադեն երկար ժամանակ բանտում են պահում միայն այն պատճառով, որ նա ունի հայկական ծագում և Ռուսաստանի իշխանությունները ՌԴ քաղաքացու շահերը պատշաճ կերպով չեն պաշտպանում»:

Բացի այդ, Դվորնիկովը կարծում է, որ Ադրբեջանն ունի որոշակի պայմանավորվածություն Իսրայելի հետ: - «Սա հասկանալի է, որ ինչ-որ քաղաքական շոու է և Լապշինին ի վերջո ազատ կարձակեն», - նշեց նա։

Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, Ռուսաստանցի քաղաքագետի համոզմամբ՝ Երևանն իր հարցերը պետք է ուղղի նախ և առաջ Մոսկվային, չէ՞ որ Ռուսաստանն էր ուզում, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Պարզ լեզվով ասած, Երևանը պետք է Մոսկվային ասի՝ բարեկամներ, դուք եք մեզ մի սեղանի շուրջ նստեցրել ձեր ընկերների հետ, գուցե պետք էր նախ և առաջ նրանց հետ հարցերը պարզել, հետո մեզ այստեղ բերել:

XS
SM
MD
LG