Մատչելիության հղումներ

ՔՀՖ ՀԱՊ. Ցանկացած սադրանք, որը կարող է խեղաթյուրել իրականությունը, չպետք է անպատասխան մնա


Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն (ՔՀՖ ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն և խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական և լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։

ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունում ասվում է, որ այս համատեքստում են դիտարկվում սպանության համար հունգարական արդարադատության կողմից ցմահ ազատազրկման դատապարտված և Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովի՝ պաշտոնական մակարդակով հերոսացումը, հայ գործընկերների հետ խաղաղասիրական գործունեության մեջ ներգրավված լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ դաժան հետապնդումները, ԶԼՄ-ներով մշտապես տարածվող սադրանքները, արտասահմանցի պաշտոնյաների և պատգամավորների կաշառումը՝ վերջիններիս քարոզչական արշավներում ներգրավելու նպատակով, ԵԱՀԿ Հարավային Կովկասում միակ՝ Երևանյան գրասենյակի աշխատանքի խոչընդոտումը, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության խորհրդարանականների՝ Երևանը Ադրբեջանի Հանրապետության մաս ճանաչելու նախաձեռնությունը և այլն։

ՀԱՊ-ը նշում է, որ հետապնդումների ենթարկված իրենց գործընկերներ-իրավապաշտպանների ճակատագրին արժանանալու սպառնալիքի ներքո՝ այդ երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գնալով ավելի ակտիվորեն են ներգրավվում Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական գործունեության մեջ։

«Մասնավորապես չի կարող չմտահոգել այն փաստը, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Բաքվի պաշտոնական քարոզչության գործիք է դառնում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ադրբեջանի ազգային պլատֆորմը։ 2017 թվականի հունվար 25-ին այն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է ինչպես հայ-ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումը, որն, իբրև թե, բացասաբար է ազդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այնպես էլ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը հակամարտության ուժային լուծման հնարավորության վերաբերյալ։

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պակաս մտահոգված չենք վերջին տարիներին տարածաշրջանի՝ աճող ռազմականացման և դրա քաղաքակիրթ զարգացման հեռանկարի նկատմամբ սպառնալիքներով։ Սակայն, դրա դեմ բողոքելու պարագայում, հարկավոր է սկսել ոչ թե ՀՕՊ միավորված համակարգի ենթադրական վտանգավորությունից, այլ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բազմամիլիարդանոց ծանր հարձակողական սպառազինությունների մատակարարումից։ Այդ գործարքն արդեն ունեցել է իր կոնկրետ հետևանքները՝ Բաքվի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմ, երկու կողմերից բազմաթիվ զոհեր, բանակցային գործընթացի նահանջ դեպի 1992-1993-ականների իրավիճակ… Այն դարձել է նաև էական գործոններից մեկը Երևանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից դեպի երկրի համար անհեռանկար ՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցություն շրջադարձի համար, մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանի եվրոպական հեռանկարին, այլ նաև ամբողջ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը», - ասված է հայտարարությունում։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասին Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին, ապա, ըստ ՀԱՊ-ի, «անգամ չլինելով ռուսական դիվանագիտության մեթոդների մեծ երկրպագու, և անկախ այն դժգոհությունից, որ այդ հայտարարությունների հանդեպ արտահայտվեցին Բաքվում և Երևանում, հարկ է ընդունել, որ դրանք որևէ կերպ չեն հակասում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որդեգրած սկզբունքներին»:

«Անիմաստ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ տեղ գտած` միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի ոչ կոմպետենտ մեկնաբանություններին և հակամարտության հաղթահարման` իրականության հետ որևէ կապ չունեցող տեսակետներին: Դրանք ոչ այլ ինչ են, քան՝ Բաքվի պաշտոնական քարոզչության բառացի կրկնություն: Դրա փոխարեն առաջարկում ենք վերադառնալ երկխոսության հաստատմանը և երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև վստահության վերականգնմանն ուղղված կառուցողական նախաձեռնություններին, որոնք արժանացել են Ֆորումի մեր բոլոր գործընկերների աջակցությանը, բացի Ադրբեջանի ներկայացուցիչներից: Ցանկանում ենք հավատալ, որ դրա համար Ադրբեջանի ազգային պլատֆորմը հանդես կբերի բավարար ինքնուրույնություն, քաղաքացիական համարձակություն և ողջամտություն», - ասված է հայտարարությունում:

Ըստ ՔՀՖ ՀԱՊ-ի, ֆորումի մասնակիցների ընդհանուր շահերին բացարձակապես չեն համապատասխանում հետագա առճակատման տանող հայտարարությունների անվերջ փոխանակումները, որոնք շեղում են ուշադրությունը երկու երկրների համար հրատապ կարևորություն ունեցող՝ եվրաինտեգրման և առաջընթացի խնդիրներից, ստիպում դրանց վրա ծախսել ժամանակ և նյարդեր: «Այդուհանդերձ, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումն այն է, որ ցանկացած սադրանք, որը կարող է մոլորության մեջ գցել և խեղաթյուրել իրականությունը, չպետք է անպատասխան մնա», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG