Մատչելիության հղումներ

Շարմազանով. Լապշինի արտահանձնումը ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք, այսօր Ազգային ժողովի նիստ ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ազգային ժողովն այսօր բուռն քննարկում է երեկ Բելառուսի կողմից Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցը։

«Ես որպես հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ մեր հանձնաժողովի անունից հայտարարում եմ, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և՛ Ռուսաստանի դեմ, և՛ խաղաղ կարգավորման դեմ, և՛ Հայաստանի դեմ, և՛ ևս մեկ անգամ հարված է ժողովրդավարական արժեքներին և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել։ Սա մեր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն է, սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է»։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում որակեց։

«Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են։ Այս պարագայում տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարեց Բաղդասարյանը։

Ազգային ժողովի Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան էլ առաջարկեց, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։

«Ես ավելի գործնական առաջարկություն ունեմ՝ ավելի գործնական կլինի, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։ Հանձնարարենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին մշակել հայտարարության տեքստ, որը մենք վաղն առավոտյան կքվեարկենք։ Սա կլինի Ազգային ժողովի, արժանապատիվ պետության քաղաքական մարմնի դիրքորոշումը»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG