Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն թույլատրեց ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը


Հայաստանյան մոտ երկու հազար ընտրատեղամասերից խորհրդարանական ընտրությունների օրը տեսախցիկներով և ուղիղ հեռարձակմամբ ապահովված կլինեն շուրջ հազար հինգ հարյուրը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ Մուկուչյանի, նշված հազար հինգ հարյուր ընտրատեղամասերում գրանցված է ընտրողների մոտ 90 տոկոսը:

«Ազատության» հարցին՝ արդեն որոշե՞լ են, թե որ ընտրատեղամասերում է լինելու ուղիղ հեռարձակումը, ԿԸՀ նախագահը, պարզաբանեց, որ այդ հարցը որոշում են ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մրցույթը շահած EIC ընկերությունը և կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովը:

«Ընտրատեղամասերի որոշման խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը և նրա տիրույթի խնդիր չի հանդիսանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը այստեղ սոսկ հետևյալն է, որ հանձնաժողովը թույլ է տալիս, որպեսզի տեղամասային կենտրոններում իրականացվի նշված գործառույթը», - մանրամասնեց Մուկուչյանը․ - «Իրենք են որոշելու, ելնելով նաև տեխնիկական չափանիշներից, որովհետև այնտեղ պետք է իրականացվի հեռարձակում, ինչը ենթադրում է նաև որոշակի տեխնիկական պայմանների առկայություն: Նշված խնդիրները քննարկել են հիշյալ հանձնաժողովը և այդ կազմակերպության ներկայացուցիչները»:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով ընտրությունների օրվա փոփոխության հետ կապված հարցին, ԿԸՀ նախագահը նշեց․ - «Այս պահին ընտրությունների օրը նշանակված է ապրիլի 2-ին, և բոլոր գործառույթները իրականացվում են այդ ամսաթվի հաշվարկով»:

Երեկոյան կայացած ԿԸՀ արտահերթ նիստում հավանության արժանացավ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG