Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլին Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների գաղափարին դեմ չէ


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, Թբիլիսի, 7-ը փետրվարի, 2017թ․

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների անցկացման գաղափարին դեմ չէ: Այդ մասին Վրաստանի ղեկավարը հայտարարեց երկուշաբթի օրը «Իբերիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում:

«Երբեք պետք չէ հրաժարվել բանակցությունների անցկացման հնարավորությունից: Բոլոր գերատեսչությունները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նման հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքներում: Մենք պետք է հակված լինենք բանակցությունների, քանի որ բանակցային սեղանն է այն տեղը, որի շուրջ լուծվում են խնդիրները, կամ գոնե նախապայմաններ են ստեղծվում դրանց լուծման համար», - նշում էր Մարգվելաշվիլին` հատուկ ընդգծելով, սակայն, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումն առայժմ վրացական իշխանությունների օրակարգում չէ:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ «ռազմավարական համբերության» շրջանակներում: Սա բավական բարդ կողմեր ունեցող ձևաչափ է: Ես նախևառաջ նկատի ունեմ ռազմավարական համագործակցության մասին այն խնդրահարույց համաձայնագրերը, որոնք Ռուսաստանը կնքել է Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի հետ: Մյուս կողմից, Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում», - նշում էր Մարգվելաշվիլին` հավելելով, սակայն, թե «Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը միշտ չէ, որ ձեռնտու է Վրաստանին»: Որպես օրինակ Մարգվելաշվիլին մատնանշում է «Գազպրոմ»-ի հետ վերջերս կնքված համաձայնագիրը, որով փոփոխության ենթարկվեցին Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման պայմանները:

«Արդեն իսկ հստակ է, որ այդ բանակցությունների արդյունքում Վրաստանի դիրքերը թուլացել են: Ես նկատի չունեմ անգամ [«Գազպրոմ»-ի հետ կնքված] պայմանագիրը: Ես խոսում են այն իրադրության մասին, որի հետևանքով հնարավոր դարձավ այս համաձայնագրի ի հայտ գալը: Պարզ դարձավ, որ մեր դիրքերը թուլացել են, և մենք շատ հստակ, համակարգված աշխատանքի կարիք ունենք` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար», - նշում էր Վրաստանի նախագահը:

«Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրն, ի դեպ, շարունակում է բավական բուռն քննարկումների թեմա մնալ նաև Վրաստանի խորհրդարանում: Այս շաբաթ մեկնարկած գարնանային նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին պարզաբանումներ տալու նպատակով խորհրդարան հրավիրել էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին:

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը զուտ տնտեսական փաստաթուղթ չէ: Այդ պայմանագիրը նաև քաղաքական բաղադրիչ ունի, և ես կարծում եմ, որ հարկավոր է դրա մասին բացահայտորեն խոսել` քաղաքական բանավեճի ընթացքում», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գիգի Ծերեթելին:

XS
SM
MD
LG