Մատչելիության հղումներ

Թլիկցիները բողոքում են, որ իրենց «միայն ընտրությունների շրջանում են հիշում»:

Մամոյաններն ամեն օր սայլակով հարևան Գետափ են գնում, որ ջուր բերեն։ Հայ-թուրքական սահմանի մերձակայքում գտնվող եզդիաբնակ Թլիկում ջուրն Ախուրյան գետից են վերցնում։ Պոմպը, սակայն, հաճախ խափանվում է, նորոգելու համար էլ ամեն անգամ ստիպված են ռուս սահմանապահներից թույլտվություն ստանալ, որպեսզի կարողանան հսկվող տարածք մուտք գործել։ Գյուղացիների միջոցներով պոմպակայանն արդեն նորոգվել է, սակայն, խնդիրը չի լուծվել։ Ասում են՝ ձմռան ամիսներին մի քանի ժամ են ծախսում, որպեսզի ջուրը տուն տանեն։

Գյուղի ճանապարհները քանդված են, այստեղ անգամ խանութ չկա։ Թլիկցիները, սակայն, ասում են, որ միակ բանը, առանց որի չեն կարողանում ապրել՝ ջուրն է։ Ձմռան ամիսներին բոլոր տներում ձյուն են հալեցնում։ «Փեչերի վրա, կրակի վրա հալացնում ենք, որ ջուր հավաքենք, լվացք անենք: Լվացքի պխտոր ջուրն էլ տանում նեք անասունին ենք խմացնում», «Էդ ջուրը որ տամ կովերիս, հղի ա, կարա վիժի»,- բողոքում են գյուղացիները:

Թլիկում խմելու ջուր ևս չկա։ 90-ականներին Հակո գյուղից եկող ջրագիծը քանդվել է, խողովակներն՝ ապամոնտաժվել: 10 օրը մեկ այստեղ դրսից ջուր են բերում և վաճառում՝ 40 լիտրը 350 դրամով: «Շորհակալություն, որ գոնե բերում են, եթե չբերեն, մենք ծարավից կսատկեինք»:

Ջրի բացակայության պատճառով Թլիկում հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, անձրևի հույսին են: Անասնապահությունն էլ է տուժում։ Բնակիչներից շատերը թողնում հեռանում են՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Եթե խորհրդային տարիներին այստեղ 120 տնտեսություն կար, ապա այժմ միայն 18 ընտանիք է մնացել։

Արագածոտնի մարզպետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ պոմպակայանն արդեն նորոգվել է, գյուղում ջուր կլինի։ «Թլիկին ջուր մատակարարելու համար պոմպակայանը լրիվ բավարար է, նոր բան կառուցելու անհրաժեշտություն չկա»,- հաղորդեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Թլիկցիները, միչդեռ, ասում են, թե դա խնդրի ժամանակավոր լուծում է։ Եզդիաբնակ գյուղի բնակիչները նաև գանգատվում են, որ իրենց մասին հիշում են միայն ընտրությունների շրջանում: Գալիս են ու համոզում, որ իշխող կուսակցությանն ընտրեն, ասում են գյուղացիները:

«Եթե էս հարցին լուծում չեղավ, բոլորով միասին ընտրություններին չենք մասնակցի: Բայց մենք խնդրում ենք՝ մարզպետարանից բռնած, մինչև Սերժ Սարգսյանը, մեզ աջակցեք, ոչ թե մենակ ընտրությունների ժամանակ էս փոքր համայնքին հիշեք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG