Մատչելիության հղումներ

Ծնունդն ընդունած բժիշկը պնդում է, թե նորածնի մահը իր հետ «ընդհանրապես կապ չունի»


Արմավիրի ծննդատան գինեկոլոգ Նշան Գևորգյանը, ում Նալբանդյան գյուղի բնակիչներ Նարինե Բրոյանն և Իսա Իսայանը մեղադրում են իրենց 4 օրական առաջնեկի մահվան մեջ, պնդում է, որ ինքը ծնողներին է հանձնել կենդանի երեխա և մեղավոր չէ:

Արդեն մեկ շաբաթ անհետ կորած բժիշկը հունվարի 31-ից բուժվում է «Արմենիա» հիվանդանոցում և դուրս գրվելուց հետո պատրաստվում է վերադառնալ աշխատանքի:

Մինչդեռ Արմավիրի բժշկական կենտրոնում այս ընթացքում հիմքեր են նախապատրաստում Գևորգյանին աշխատանքից ազատելու համար, սակայն ոչ թե բժշկական սխալի պատճառով, այլ, ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց տնօրեն Սարգիս Խաչատրյանը՝ գինեկելոգը առանց պատճառաբանության բացակայել է և խախտել է աշխատանքային կարգուկանոնը․ - «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, քննարկել ենք, ես իրավաբանների հետ զրուցեցի: Առանց իրա բացատրություն վերցնելու մենք չենք կարող աշխատանքը լքելու համար իրան ազատել աշխատանքից: Արդեն ես զգուշավոր եմ, որովհետև առաջին անգամ ես որ իրան ազատեցի աշխատանքից, նա վերականգնվեց դատարանով: Իսկ հիմա ես ուզում եմ ամեն ինչը լավ հավասարակշռված անեմ, որպեսզի ոչ մի լազեյկա չթողեմ, որպեսզի նա վերականգնվի»:

Սարգիս Խաչատրյանը բժիշկ Գևորգյանի հետ աշխատել այլևս չի ցանկանում:

Իսկ ինչ վերաբերում է մահացած նորածնին և այդ փաստի շուրջ բարձրացած աղմուկին, ապա հիվանդանոցի տնօրենն ասում է․ - «Ես էլ եմ կողմ, որ նա, եթե աներ կեսարյան հատում, սենց բան չէր լինի: Ինքը չգիտես ինչի ա փախել․․․ կարա պարզ կանգնի, ասի՝ աքցանադրում եմ արել, ճիշտ եմ արել․․․ Մի բան պատասխաներ»:

«Ազատության» հետ զրույցում բժիշկ Գևորգյանը արձագանքեց արդեն մեկ շաբաթ առանց պատասխանի մնացած հարցերին․ - «Իմ հետ ընդհանրապես կապ չունի․ ես կենդանի հանել եմ, տվել եմ մանկաբույժներին: Դրանից հետո ուղարկվել է Երևան: Թե ինչի ա մահացել, ոնց ա մահացել, դա կասեն Մուրացանի բժիշկները»:

Նա չհամաձայնեց, թե իր՝ բացատրություն չտալը, կապի դուրս չգալը կասկածի տեղիք է տալիս․ - «Չեմ ուզում, դուրս չեմ գալիս: Ինչի՞ կասկած, ես փախե՞լ եմ, ինչ եմ արել: Կապի դուրս չգալով մեղավորություն ա ըլնում»:

Նա պնդեց, թե լրագրողներն են ավելորդ աղմուկ բարձրացրել: Հղիին ծննդալուծելու տարբերակը որոշում է գինեկոլոգը, իսկ ինքը ճիշտ է գտել աքցանադրումը:

Ինչ վերաբերում է նրան, որ տնօրենը իր հետ աշխատելու ցանկություն չունի, ապա բժիշկն ասում է, թե հիմք չունեն ազատելու, և եթե նման հրաման լինի, կդիմի դատարան․ - «Ցանկությամբ չի: Ես ոչ իրանց տուն եմ գնում, ո՛չ իրա հոր տուն եմ գնում, որ ինքը ցանկանա կամ չցանկանա․․․ Ինքը ամիսներով որ չի գալի գործի, վեց ամիս ստեղ ա, վեց ամիս՝ Ամերիկայում, էդ ո՞նց ա»:

Ի պատասխան որդու հորդորին՝ հանգստանալ, Գևորգյանն ասաց․ - «Մի քիչ ջղայնանամ, ադրենալին ա գալի»:

Նշան Գևորգյանի ադրենալինը բարձրանում է, երբ հերթը հասնում է նրա քրեական անցյալի մասին հարցերին: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների, Գևորգյանն իր բժշկական պրակտիկայի ընթացքում 4 տարբեր գործերով կանգնել է դատարանի առջև և մեղավոր ճանաչվել: Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 7 ամսվա մեջ դարձել է 3 անձի մահվան մեղավորը, մեկ այլ գործով էլ կաշառք պահաջնել և չստանալով, հրաժարվել ծննդկանին օգնություն ցուցաբերել:

Ի պատասխան այս ամենին բժիշկն ասում է, թե մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանն է իր գլխին քրեական գործ սաքրել․ - «Սարքած գործեր ինչքան ասես, կա․․․ Առանց ապացույցի դատել են ինձի: Էդ գործերը հիմա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պտի լսի: Ես բողոքը գրել եմ, հերթի եմ սպասում»:

Գևորգյանը նշում է, որ նախորդ անգամ իրեն աշխատանքից ազատելու և մեկևկես տարի պարապուրդում լինելու համար դատարանը պարտավորեցրել է հիվանդանոցին վճարել 9 միլիոն դրամ:

Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հակընդդեմ հայոց պատրաստվում են դիմել դատարան․ - «Էն գումարը, որ ինքը տարել է մեզանից, որպես աշխատավարձ, որպեսզի դա մենք հետ բերենք: Չենք թողի դա տենց մնա»:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 31-ին Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի հիման վրա հանձնարարվել է նյութեր նախապատրաստել: Գործով զբաղվող Քննչական կոմիտեից էլ այսօր հայտնեցին, որ քննություն է տարվում, հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու և փաստական տվյալների հիման վրա որոշում կայանցելու համար, որի մասին կիրազեկվի մոտ օրերս:

Կոմիտեի նախագահի խորհրդական Տոնա Տռուզյանը նաև տեղակացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունից նորածնի հարազատները հրաժարվել են: Երիտասարդ ծնողները բողոք չեն ներկայացրել, դեմ են նաև արտաշիրմմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG