Մատչելիության հղումներ

Երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Փետրվարի 10-ին նախատեսված կուսակցության հերթական՝ 9-րդ համագումարի օրակարգի միակ հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն է:

«Փետրվարի 10-ին նախատեսված է կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում ես վայր կդնեմ կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի նախագահի իմ լիազորությունը և կուսակցության առաջնորդ, նախագահ, քաղխորհրդի նախագահ վերստին կդառնա Գագիկ Ծառուկյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց 2015-ի մարտից կուսակցությունը ղեկավարող Նաիրա Զոհրաբյանը: - «Ըստ էության, լինենք անկեղծ՝ «Բարգավաճ Հայաստան» և Գագիկ Ծառուկյան՝ դա անքակտելի մի միասնություն էր և բացարձակ հասկանալի և անգամ տրամաբանական չէր լինի, եթե Գագիկ Ծառուկյանը վերստին չգլխավորեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», - հավելեց նա:

Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն հայտարարեց՝ ընդդիմություն են: Մինչ այդ կուսակցությունը ներկայանում էր որպես այլընտրանք: Հարցին՝ ԲՀԿ-ն որպես ընդդիմադի՞ր կուսակցություն է գնալու ընտրարշավի, Զոհրաբյանը պատասխանեց․ - «Ուղղությունը չի փոխվել: Մեզանում այլընտրանք, ընդդիմություն՝ այդ հասկացությունների սահմանագիծը շատ հստակ չէ։ Մենք այն ժամանակ էլ եղել ենք հստակ այլընտրանք գործող իշխանությանը, այսօր էլ, որպես ընդդիմություն, հստակ այլընտրանք ենք գործող իշխանությանը: Մնացածը՝ համագումարի ժամանակ և այն պահից հետո, երբ կձևավորվի այն ֆորմատը, որով «Բարգավաճ Հայաստանը» Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված մյուս քաղաքական ուժերի հետ կգնա խորհրդարանական ընտրությունների»:

Ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին Ծառուկյանը հայտարարեց երկու տարի առաջ՝ իշխող ՀՀԿ-ի խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարություններից կարճ ժամանակ անց: Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քննադատող Ծառուկյանը խոսեց հանրահավաքային պայքարը վերսկսելուց, ինչին հետևեցին «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին նախագահի հայտարարությունները:

Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է առաջնորդել հնարավոր հետընտրական իրադարձությունները․ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի շտապում հստակ պատասխան տալ հարցին․ - «Ես էլի եմ ասում՝ առաջ չենք անցնում, կսպասենք իրադարձությունների ավարտին: Մենք հավատում ենք մեր հաղթանակին: Ես ուզում եմ տեսնել, որ այս ընտրությունները, ի տարբերություն նախորդ բոլոր տարիների ընտրությունների, կանցնեն ավելի արդարությանը մոտ, ազատ, և կարիքը չառաջանա, որպեսզի հետընտրական ստանդարտ զարգացումներ լինեն, որ պիտի հավաքվեն հրապարակներում, ասեն՝ այսպես է եղել, այնպես է եղել: Դա չլինի»:

Ինչպես «Ազատության» տեղեկացրեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ամսի 10-ին համագործակցող ուժերի մեջ տեղի կունենա նաև հուշագրի ստորագրում, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան» դաշինքը: Թե քանի ուժերի միջև է կնքվելու դաշինքը՝ առայժմ չի հստակեցվում:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը Ռամկավար ազատական կուսակցությունը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայոց համազգային շարժումը և «Միասնություն» համազգային շարժումը կիրակի օրը՝ փետրվարի 5-ին պետք է ստորագրեին «Ծառուկյան» դաշինքի ստեղծման հուշագիրը, սակայն ստորագրումը հետաձգվեց։ Երեկ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից՝ բացատրելով դա ներկուսակցական ինտրիգների և պառակտումների մեջ չներքաշվելու՝ Ծառուկյանի ցանկությամբ:

Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ «Ծառուկյան» դաշինքի շուրջ բանակցությունները դեռ ընթանում են․ - «Երբ որ ամեն ինչ բանակցված և ավարտված կլինի, այդ ժամանակ կհրապարակվեն քաղաքական ուժերի և գործիչների անունները: Այս պահին որևէ անուն, բացի «Բարգավաճ Հայաստանից», ես չեմ տալիս»:

XS
SM
MD
LG