Մատչելիության հղումներ

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։

Կորպորացիայի հաղորդագրության համաձայն՝ սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է: Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015 թվականին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն դոլարի վարկ Հոլանդական զարգացման բանկից, ևս 30 միլիոն դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։

«Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։ Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55,000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը։ Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60,000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի», - ասված է հաղորդագրությունում:

«Շատ ուրախ ենք այս նորարարական, երկարաժամկետ ֆինանսավորման փաթեթը Որոտանին տրամադրելու աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել IFC-ի, ԳԶԲ-ի և ԳՆԶԿ-ի մեր գործընկերներին՝ ծրագրին պատրաստակամորեն մասնակցելու համար», - ասել է «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը:

«IFC-ի գլխավոր առաջնահերթությունը վերականգնվող էներգիային օժանդակելն է», - նշել է Վիբկե Շլոմերը՝ IFC Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանների ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավարը։ - «Որոտանի համալիրի վերակառուցումը կօգնի Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց մաքուր էներգիա մատակարարել։ Այս ներդրմամբ ակնկալվում է ճանապարհ բացել հավելյալ մասնավոր ներդրումների համար, որոնք կուղղվեն երկրի կենսական կարևորության ենթակառուցվածքներին»։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15 տոկոսը։ Համալիրի հզորության մեծացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, որի ընդհանուր էներգետիկ պահանջարկի շուրջ 90 տոկոսը բավարարվում է ներմուծված վառելիքի հաշվին։

2015 թվականին IFC-ն ձեռք բերեց «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը՝ հաջակցություն կայացած միջազգային էներգետիկական մասնավոր ընկերության մուտքին Հայաստան և դրա կողմից «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» ձեռքբերմանը, գործարկմանը և վերականգնմանը նպաստելու նպատակով։

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ի երկարաժամկետ ներդրումները կազմել են 480 միլիոն դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից։ Այդ գումարներով ֆինանսավորվել է շուրջ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։ IFC-ն աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն դոլար արժողությամբ առևտրային գործարքներին առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով, ինչպես նաև իրականացրել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող երկրների մասնավոր հատվածին, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG