Մատչելիության հղումներ

Կրեմլում «որքան անհրաժեշտ է»՝ կսպասեն Պուտինին «մարդասպան» անվանած լրագրողի ներողությանը


«Ես աշխատում եմ ներողության վրա, սակայն, դա որոշ ժամանակ կպահանջի: Գուցե դա ստուգեք 2023 թվականի՞ն»,- հակադարձել է «Ֆոքս»-ի մեկնաբանը:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Կրեմլում պատրաստ են մինչև 2023 թվականը սպասել Պուտինին «մարդասպան» կոչած՝ ամերիկյան «Ֆոքս» հեռուստաընկերության լրագրող Բիլ Օ՛ Ռեյլիի ներողությանը։

«Մենք շատ բարի և համբերատար ենք։ Նշում կանենք օրացույցում 2023 թվականի դիմաց և կվերադառնանք այս հարցին»,- հեգնել է Պեսկովը: «Սա մեզ համար միջադեպ չէ, ավելի շուտ՝ հեռւոստաընկերության բնութագիրն է»,- նաև ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակն ու հավելել, թե Կրեմլը մտադիր չէ այս պատմության շուրջ աղմուկ բարձրացնել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ «Ֆոքս» հեռուստաընկերության մեկնաբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, ինչին ի պատասխան, Թրամփը, մասնավորապես, նշել էր՝ «Շատ մարդասպաններ կան: Մեր երկիրն էլ այնքան անմեղ չէ»: Դիտորդները նկատում են՝ Թրամփը, փաստորեն, չի հերքել լրագրողի այդ սկանդալային հայտարարությունը ։

Դմիտրի Պեսկովն ավելի վաղ «անընդունելի և վիրավորական» էր որակել հաղորդավար Բիլ Օ՛ Ռեյլիի խոսքերն ու ասել, թե «կնախընտրեին լսել լրագողի ներողությունը»։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բիլ Օ՚ Ռեյլին հակադարձել է իրեն առնչվող զարգացումներին, մասնավորապես, նշելով՝ «Պուտինի վարչակազմը, Մոսկվան, դիմել են ինձ՝ ձեր խոնարհ թղթակցին, որ ես ներողություն խնդրեմ Պուտինին մարդսպան կոչելու համար: Ես աշխատում եմ ներողության վրա, սակայն, դա որոշ ժամանակ կպահանջի: Գուցե դա ստուգեք 2023 թվականի՞ն»:

«Ֆոքս»-ը ԱՄՆ-ում համարվում է Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը քարոզող հեռուստաընկերություն: Հիշյալ հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահի արած հայտարարությունները մեկնաբանել է նաև փոխնախագահ Մայքլ Փենսը:

Նա, մասնավորապես, ասել է՝ Թրամփը չի փորձել համեմատել ԱՄՆ քաղաքացիների դավանած բարձր արժեքներն ու Ռուսաստանը, այլ ասել է, որ ուզում է նոր հարաբերություններ կառուցել ռուսաստանցիների ու նրանց առաջնորդների հետ։ Փենսը նաև կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ԻՊ-ի դեմ պայքարում ընդհանուր շահեր ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG